
Սուրեն Պապիկյանը խաղաղապահի կապույտ բերետներ է հանձնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադում հունիսի 12-ին տեղի է ունեցել ատեստավորման քննությունները հանձնած և բրիգադում հաստիքների նշանակված «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներին խաղաղապահի կապույտ բերետ հանձնելու հանդիսավոր միջոցառումը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով զինծառայողներին ատեստավորման առաջին փուլը հաղթահարելու կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը վստահություն է հայտնել, որ ՊՆ խաղաղապահ բրիգադի շարքերը համալրած երիտասարդները պատվով են ստանձնելու իրենց ուսերին դրված պատասխանատու առաքելությունը, քանի որ ծառայելով հայոց բանակում՝ նրանք արտերկրում ներկայացնելու են Հայաստանը:
ԶՈՒ բարեփոխումների շրջանակում կարևորելով ատեստավորման գործընթացը՝ պաշտպանության նախարարը շեշտել է, որ այն պետք է լինի շարունակական՝ դառնալով հայոց բանակի զարգացման կարևոր խթաններից մեկը:~
Սուրեն Պապիկյանը ՊՆ խաղաղապահ բրիգադում ծառայության նշանակված երիտասարդներին հանձնել է կապույտ բերետները, ինչպես նաև խորհրդանշական նվերով է պարգևատրել շարքային Նվեր Չավիշյանին՝ որպես «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ատեստավորված առաջին բացարձակ գերազանցիկի:
Միջոցառումը եզրափակվել է խաղաղապահների հանդիսավոր երթով: