ԱՄՆ-ն շուրջ 150 մլն դոլար կտրամադրի Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար
Միացյալ Նահանգների իշխանությունները շուրջ 150 մլն դոլար կտրամադրեն Իրաքում և Սիրիայում ահաբեկչության հակազդման ծրագրերի ֆինանսավորման համար։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հանդես գալով «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարի գլոբալ կոալիցիայի նախարարական հանդիպմանը, որը տեղի է ունենում Էր Ռիադում։
«Այսօր մենք հայտարարում ենք, որ (խմբ.՝ Իրաքի և Սիրիայի համար) «Կայունացման խոստում» ծրագրի ֆինանսավորման նպատակը կազմում է 600 միլիոն դոլարից փոքր-ինչ ավելի, և Միացյալ Նահանգները 148,7 միլիոն դոլար կտրամադրի այդ հիմնադրամին», – ասել է Բլինքենը, որի ելույթը հեռարձակել է Sky News Arabia հեռուստաալիքը:
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով` հատկացված միջոցներն Իրաքին և Սիրիային թույլ կտան «վերացնել այն խոցելի կետերը, որոնք օգտագործել է ԻՊ-ն, ինչպես նաև տեղում շտկել կարիքների բավարարման թերությունները, ներառյալ՝ հիմնական ծառայությունները, կրթությունը, համայնքների վերաինտեգրումը, հանցագործներին պատասխանատվության ենթարկելը»:
Հունիսի 6-ին Բլինքենը պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ բանակցություններ է վարել թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի և թագավորության արտգործնախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Հունիսի 7-ին պետքարտուղարը մասնակցել է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի նիստին: