Վահագն Խաչատուրյանը ու Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում հիմնադրամի կողմից իրականցվող ծրագրերը
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Մարեն Յասպեր-Վինտերի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել են հիմնադրամի Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Մարտին Կոտեն, Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Կատրին Բաննախը և հիմնադրամի հայաստանյան ծրագրերի կառավարող Արմեն Գրիգորյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում և Հարավային Կովկասում հիմնադրամի կողմից իրականցվող ծրագրերը, ինչպես նաև նոր նախագծերի հնարավորությունները:
Հանրապետության նախագահն անդրադառնալով հիմնադրամի երկարատև գործունեությանը՝ կարևորել է վերջինիս դերը Հայաստանում և, ընդհանրապես, Հարավային Կովկասում ժողովրդավարության, ժողովրդավարական գաղափարների տարածման գործում:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ընդհանուր տարածաշրջանային իրողություններին, անվտանգության միջավայրի և ժողովրդավարական ինստիտուտների առնչություններին և դրական ու բացասական փոխազդեցություններին:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամորեն աջակցում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը նպաստող նախաձեռնություններին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտներում կատարված և ընթացող բարեփոխումների հիմնական ուղղությունների վերաբերյալ: