Չեխիայի Պարդուբիցի համալսարանում քննարկվել են ներառական կրթության ուղղությամբ հայ-չեխական երկկողմ կապերի զարգացման հարցերը
Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Չեխիայի Պարդուբիցի համալսարան:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Պարդուբիցի համալսարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, ծանոթացել չեխական ուսումնական հաստատության կրթական ծրագրերին:
Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են ներառական կրթության զարգացմանն վերաբերյալ հարցեր։ Ներկայացնելով այս ուղղությամբ երկու երկրների փորձը՝ քննարկվել են հանրակրթության ոլորտում ներառական կրթության մատչելիության, ուսումնական հաստատություններում ուսուցչի օգնականի ինստիտուտի ներդրման արդյունավետության բարձրացման և առկա մի շարք խնդիրների կարգավորման հետ կապված հարցեր։
Նախարարի տեղակալը չեխական կողմին իրազեկել է Հայաստանի կրթության ոլորտում ընթացող բարեփոխումների մասին՝ շեշտելով, որ փոփոխությունների կարևոր ուղղություններից մեկը համընդհանուր ներառականությունն է՝ յուրաքանչյուր երեխայի համար կրթության բոլոր մակարդակներում հավասար, հասանելի և մատչելի հնարավորություններ ապահովելու նպատակով։
Կողմերն անդրադարձել են նաև կրթության ոլորտի առաջնահերթություններին՝ կարևորելով հնարավոր համագործակցության եղանակներին ու փոխանակման ծրագրերին վերաբերող հարցերը:
ԿԳՄՍ փոխնախարարը Չեխիայի Հանրապետություն է մեկնել Պարդուբիցի համալսարանի ռեկտոր Լիբո Կապեկի հրավերով՝ հանդիպելու կրթության, երիտասարդության և սպորտի նախարարության ներկայացուցիչների հետ: