Բաժիններ՝

Միշուստինը հայտարարել է ԱՊՀ-ում փոխգործակցության ամրապնդման հարցում ՌԴ-ի շահագրգռվածության մասին

Ռուսաստանը շահագրգռված է Անկախ Պետությունների Համագործակցությունում (ԱՊՀ-ում) համագործակցության հետագա զարգացման հարցում: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է Անկախ Պետությունների Համագործակցությունում փոխգործակցության հետագա ամրապնդմամբ», – ասել է ՌԴ վարչապետը ԱՊՀ երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։

«Մեր ժողովուրդներին միավորում է բազմադարյա պատմությունը, մեր ընդհանուր մշակութային ու քաղաքակրթական կոդը: Մենք կարողանում ենք աշխատել միասին, ամենադժվար իրավիճակներում գտնել փոխշահավետ լուծումներ», – ընդգծել է Միշուստինը։

Նա վստահ է, որ « նման գործընկերային ոգով կանցնի այսօրվա նիստը՝ եղբայրական Ղրղզստանի Հանրապետության նախագահությամբ»։

Ռուսաստանի Դաշնության վարչապետն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՊՀ-ի գոյության 30 տարիների ընթացքում ստեղծվել է «ամուր նորմատիվային-իրավական բազա առևտրատնտեսական և սոցիալ-հումանիտար ոլորտներում համագործակցության համար»։

«Մենք ուրախ ենք ձեզ ողջունելու Ռուսաստանի ամառային մայրաքաղաքում՝ հյուրընկալ Սոչիում», – դիմել է Միշուստինը պաշտոնակիցներին։

Ըստ ՌԴ վարչապետի՝ «առողջարանային քաղաքի յուրահատուկ մթնոլորտը կնպաստի կառուցողական և արդյունավետ շփմանը»:

ԱՊՀ երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին է մասնակցում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս