Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով առաջացած ջրհեղեղից Խերսոնում տուժել է հայկական համայնքի 2 ներկայացուցիչ
Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով առաջացած ջրհեղեղից տուժածներ կան նաև Խերսոնի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում։
Ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը AnalitikaUA-ին հայտնել է, որ Ուկրաինայի հայերի միությունը Խերսոնի մարզում ակտիվորեն ներգրավված է խերսոնցիներին օգնություն տրամադրելու բոլոր միջոցառումներում։
«Կան տուժածներ տեղական համայնքի ներկայացուցիչների շրջանում, և Ուկրաինայի հայերի միությունը Խերսոնի մարզում ակտիվորեն ներգրավված է խերսոնցիներին օգնություն տրամադրելու բոլոր միջոցառումներում։ Բնականաբար, օգնություն է ցուցաբերվում ոչ միայն հայերին, այլ բոլոր խերսոնցիներին, որոնք դրա կարիքն ունեն»,- ասել է նա։
Մարատ Հակոբյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ հայկական համայնքից տուժել է 2 մարդ։
Խերսոնի տարածաշրջանի հայկական համայնքի ղեկավար Տիգրան Մկրտչյանն էլ AnalitikaUA-ին հայտնել էր, որ համայնքն ակտիվորեն համագործակցում է Խերսոնի մարզի և Խերսոն քաղաքի ռազմաքաղաքացիական ադմինիստրացիաների հետ՝ տուժածներին էվակուացնելու և տեղավորելու հարցում։ Հայկական մի շարք համայնքներ արդեն իսկ հանդես են եկել տուժածներին իրենց շրջաններում տեղավորելու նախաձեռնությամբ։
Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է հունիսի 6-ի գիշերը: Մոսկվան և Կիևը հիդրոէլեկտրակայանի գնդակոծության համար մեղադրում են մեկը մյուսին: