«Ապրելու երկիր» կուսակցությունը Մանե Թանդիլյանին կառաջադրի Երևանի քաղաքապետի թեկնածու
«Ապրելու երկիր» կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստում հաստատել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար կուսակցության թեկնածուին՝ Մանե Թանդիլյանին: Այս մասին հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Սահակյանը՝ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստից հետո հրավիրված ասուլիսում:
« «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի կողմից առաջադրվել և հաստատվել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի թեկնածությունը»,-ասաց Սահակյանը:
Ըստ նրա՝ այդ որոշումը հիմնված է եղել վերջին ամիսներին Երևանի բնակիչների հետ իրենց ակտիվ շփումների, սոցիոլոգիական հարցումների, ինչպես նաև կուսակցության անդամների կարծիքների հիման վրա:
Սահակյանը հայտնեց՝ հավատարիմ են իրեն որդեգրած դիրքորոշմանը՝ համապետական ընտրություններից զատ, ակտիվորեն պատրաստվել և մասնակցել բոլոր ՏԻՄ ընտրություններին: «Մենք վստահ ենք, որ ՏԻՄ մակարդակում ևս քաղաքական ուժերը պետք է լուրջ քաղաքական ծրագրեր ներկայացնեն, ստանձնեն պատասխանատվություն և ընթացիկ օպերարտիվ խնդիրներից զատ, իրական զարգացում ապահովեն համայնքներում»,-ասաց Սահակյանը:
Ըստ նրա՝ Մանե Թանդիլյանի առաջադրումը ևս մեկ անգամ ընդգծում է իրենց վճռականությունը՝ ոչ միայն մասնակցելու, այլ նաև հաղթելու Երևանի ավագանու ընտրություններում: «Ես հավաստիացնում եմ, որ այս ընտրություններում մեր մասնակցությունն ու հաղթանակը երկրում արմատական ու խորքային փոփոխությունների առաջնորդության անշրջելի հայտ է մեր կողմից»,-ասաց նա:
Երևանի ավագանու ընտրությունները, նախատեսվում է, որ տեղի կունենան սեպտեմբեր ամսին: