Բաժիններ՝

ԱՄՆ-ն հարյուրավոր հրշեջների և տեխնիկա է ուղարկել Կանադա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար. Բայդեն

Միացյալ Նահանգները Կանադա է ուղարկել հրշեջների, ինչպես նաև տեխնիկա՝ անտառային հրդեհների մարման գործում աջակցություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Twitter-ի իր էջում:

«Մենք տեղակայել ենք ավելի քան 600 ԱՄՆ հրշեջների, աջակցող անձնակազմ և սարքավորումներ Կանադային աջակցելու համար, մինչ նրանք արձագանքում են ռեկորդային անտառային հրդեհներին. իրադարձություններ, որոնք սաստկանում են կլիմայական ճգնաժամի պատճառով», – գրել է Սպիտակ տան ղեկավարը:

Ջո Բայդենը նաև ամերիկացիներին նախազգուշացրել է օդի աղտոտվածության վտանգավոր մակարդակի մասին:

«Շատ կարևոր է, որ այն ամերիկացիները, որոնք գտնվում են օդի վտանգավոր աղտոտվածության գոտում, հատկապես՝ առողջական խնդիրներ ունեցողները, լսեն տեղական իշխանություններին՝ պաշտպանելու իրենց և իրենց ընտանիքներին», – նշել է Բայդենը:

Ավելի վաղ Ջո Բայդենը հեռախոսազրույց էր ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ և նրան լրացուցիչ աջակցություն առաջարկել Կանադայում մոլեգնող ավերիչ անտառային հրդեհների դեմ պայքարի համար:

Անտառային հրդեհների ծուխը Կանադայից հասել է ԱՄՆ: Նյու Յորքի նահանգի որոշ հատվածներում օդի աղտոտվածության ցուցիչը նորման գերազանցել է 8 անգամ: ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան մի շարք նահանգների բնակիչներին նախազգուշացրել են դրսում գտնվելու վտանգների մասին:

Կանադայում օրեր շարունակ մոլեգնող հարյուրավոր անտառային հրդեհներից արդեն 3.8 միլիոն հեկտար տարածք է այրվել: 120 հազար մարդ տարհանվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս