Բաժիններ՝

Կախովկայի ՀԷԿ-ի վթարից հետո հեղեղվել է ավելի քան 14 հազար տուն

Կախովկայի հիդրոէլեկտրակայանի փլուզման հետևանքով ջուրն ավելի քան 14 հազար տուն է հեղեղել Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզի 15 բնակավայրերում։ Այդ մասին այսօր ТАСС-ին հայտնել են արտակարգ ծառայություններում։

«Ներկայում 15 բնակավայրերում ավելի քան 14 հազար բնակելի շենք է ջրով լցվել Խերսոնի մարզում: Նաև ջրի տակ են հայտնվել Նիժնեդնեպրովսկի ազգային այգու տարածքը, հինգ գերեզմանոց, անասունների թաղման վայրը, ինչպես նաև հիվանդանոցն ու մանկապարտեզը», – ասել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուրի խոսքով՝ բնակչության տարհանումը շարունակվում է։

«Ընդհանուր առմամբ, տարհանվել է 4 280 մարդ, այդ թվում՝ ավելի քան 170 երեխա և 42 սահմանափակ շարժունակություն ունեցող մարդ», – հավելել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

Բժշկական ծառայություններից հայտնել են, որ Կախովկայի հիդրոէլեկտրակայանի փլուզումից և Խերսոնի մարզի շրջանների հեղեղումից հետո բժշկի է դիմել 23 մարդ:

«Վերջին տվյալներով՝ տուժել է 23 մարդ, նրանց մոտ առկա են հիպոթերմիա և վնասվածքներ, 21 մարդ հոսպիտալացվել է», – ասել է աղբյուրը:

 

Իսկ Ուկրաինայի իշխանություններն ավելի վաղ հաղորդել են, որ Դնեպրի աջ ափին գտնվող բնակավայրերից տարհանվել է 1900 մարդ:

Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է հունիսի 6-ի գիշերը: Մոսկվան և Կիևը հիդրոէլեկտրակայանի գնդակոծության համար մեղադրում են մեկը մյուսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս