Բաժիններ՝

Դնեպրի հոսանքի արագությունը Կախովկայի ՀԷԿ-ի վթարից հետո 10 անգամ աճել է

Դնեպրի հոսանքի արագության տասնապատիկ աճը բարդացնում է մարդկանց տարհանումն այն տարածքներից, որոնք հեղեղվել են Կախովկայի հիդրոէլեկտրակայանի վթարի հետևանքով: Խերսոնի մարզը, որտեղ գտնվում է Կախովկայի ՀԷԿ-ը, Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ: Բնակչության տարհանումներ են իրականցվում ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերից:

Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, Խերսոնի մարզում ՌԴ-ի կողմից նշանակված կառավարության նախագահ Անդրեյ Ալեքսեենկոն հայտնել է, որ վտանգավոր գոտիներից ժամանակին չմեկնած մարդկանց ստիպված իջեցնում են տանիքներից և ցանկապատերից։

«Երեկ մենք նրանցից շատերին ապարդյուն համոզում էինք մեկնել ժամանակավոր տեղավորման վայրեր,- գրել է նա Telegram ալիքում: – Այսօր հարկադրված նրանց մոտ ենք հասնում ԱԻՆ-ի (Արտակարգ իրավիճակների նախարարության) լողամիջոցներով: Խնդիրը բարդանում է նաև նրանով, որ Դնեպրի հոսանքի արագությունը 10 անգամ ավելացել է»։

Տարածաշրջանի կառավարության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ԱԻՆ-ի փրկարարների խումբն ավելացվել է մինչև 428 հոգի և 188 միավոր տեխնիկա, մոբիլիզացվել են մարզում առկա բոլոր արտաճանապարհային բեռնատարներն ու ավտոբուսները։ Նա ընդգծել է, որ աշխատանքն իրականացվում է շուրջօրյա։

Ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ-ի կողմից տարածաշրջանի նահանգապետի պաշտոնակատար նշանակված Վլադիմիր Սալդոն, արդեն ավելի քան 4000 մարդ է տարհանվել ջրհեղեղից տուժած շրջաններից: Իսկ Ուկրաինայի իշխանությունները հաղորդել են, որ Դնեպրի աջ ափին գտնվող բնակավայրերից տարհանվել է 1900 մարդ:

Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է հունիսի 6-ի գիշերը: Մոսկվան և Կիևը հիդրոէլեկտրակայանի գնդակոծության համար մեղադրում են մեկը մյուսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս