Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան շրջանները
ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը ահազանգեր է տարածել գրեթե ողջ Ատլանտյան ափին օդի վտանգավոր որակի մասին: Վերմոնտից մինչև Հարավային Կարոլինա և մինչև Օհայո և Կանզաս առողջապահական իշխանությունները բնակիչներին նախազգուշացրել են, որ դրսում մնալը կարող է շնչառական խնդիրներ առաջացնել մթնոլորտում մանր մասնիկների մեծ քանակության պատճառով: Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը:
Նյու Յորքի ուրվապատկերը, որ սովորաբար տեսանելի է մի քանի կմ հեռավորությունից, կորել է տեսադաշտից: Քաղաքն ամբողջովին պատվել է ծխով, բնակիչների մոտ շնչառական խնդիրներ են առաջացել: Մարդիկ դրսում սկսել են բժշկական դիմակներ կրել, ինչպես կորոնավիրուսի համավարակի օրերին:
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոչուլը հայտնել է, որ նահանգի որոշ հատվածներում օդի աղտոտվածության ցուցիչը նորմայից 8 անգամ բարձր է:
Թանձր ծուխն ազդել է նաև ավիափոխադրումների վրա, իսկ դպրոցները չեղարկել են դրսում անցկացվող միջոցառումները, սպորտային պարապմունքները, էքսկուրսիաները:
Ծուխը ԱՄՆ է հասել Կանադայից, որտեղ օրեր շարունակ մոլեգնող հարյուրավոր անտառային հրդեհներից արդեն 3.8 միլիոն հեկտար տարածք է այրվել: 120 հազար մարդ տարհանվել է: