Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների թիվը մի քանի անգամ կավելանա
Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների թիվը մի քանի անգամ կավելանա 13:31, 7 Հունիս 2023
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում պատերազմի ընթացքում ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ԱԷԿ-ում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների թիվը կավելանա։ Այդ մասին ТАСС-ին հայտնել է «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաան։
«Այն կավելանա մի քանի անգամ», – ասել է նա՝ հավելելով, որ գործակալությունն ինքն է որոշելու տեսուչների հստակ թիվը։
Կարչաան հավելել է, որ Զապորոժիեի ատոմակայան Ռաֆայել Գրոսիի այցի ժամանակ կձեռնարկվեն անվտանգության սպառիչ միջոցներ, որոնք կերաշխավորեն ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության բոլոր անդամների անվտանգությունը:
Հունիսի 6-ին Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ կայցելի Զապորոժիեի ԱԷԿ: Գրոսին Զապորոժիեի ԱԷԿ է այցելել նաև 2022 թ.-ի սեպտեմբերին և 2023 թ.-ի մարտին: