Կամո Ցուցուլյանն ու ԿԽՄԿ-ի պատվիրակությունը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղությունները
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը հունիսի 6-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի տեղակալ Միրիամ Էլ Խոլիին։
Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, հանդիպման նպատակն էր քննարկել երկու կառույցների համագործակցության ընդլայնման ուղղությունները և հնարավորությունները։
Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենը շնորհակալություն է հայտնել կազմակերպության գործունեության համար՝ նշելով, որ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում, կառույցն իրականացնում է արդյունավետ և գնահատելի մարդասիրական աշխատանք։
Հանդիպման ընթացքում հատկապես ընդգծվել է կազմակերպության կողմից Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ծառայողների հետ դասընթացների, մասնավորապես՝ «Արտակարգ իրավիճակներում աճյունների հետ աշխատանքների իրականացում» թեմայով վերապատրաստումների անցկացման կարևորությունը։
Քննարկվել են նաև «Սահմանամերձ բնակավայրերի կրթական հաստատություններին մոտ տիպային պաշտպանական ապաստարանների կառուցման» և «Հատուկ նշանակության բեռնատարի վերասարքավորման» ծրագրերը։ Վերջինս նախատեսում է բարելավել և խթանել մարդկային մարմինների և աճյունների մասերի արժանապատիվ կառավարումը՝ համաձայն միջազգային ստանդարտների։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի տեղակալն իր հերթին շնորհակալություն հայտնեց Կամո Ցուցուլյանին՝ ընդունելության և արդյունավետ փոխգործակցության համար։ Միրիամ Էլ Խոլին անդրադարձ կատարեց նաև փրկարար ծառայության կարողությունների զարգացման և համատեղ իրականացրած այլ ծրագրերին, պատրաստակամություն հայտնեց վերապատրաստման ծրագրերի շարունակականության ապահովման վերաբերյալ։
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առաջիկայում նախանշել իրականացվելիք քայլերը․ կողմերը հույս են հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունը շարունակական բնույթ կկրի և կընդլայնվի։