Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Բլինքենի հայտարարությունները՝ խոստանալով ուժեղացնել զսպման միջոցները
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին դատապարտել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի քննադատություններն Իրանի հասցեին և նշել, որ Թեհրանն առանց երկմտելու կուժեղացնի իր պաշտպանության և զսպման կարողությունները:
«ԱՄՆ պետքարտուղարն անհիմն մեկնաբանություններ է արել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ՝ ապարտեիդ սիոնիստական վարչակարգին իր երկրի համակողմանի աջակցությանը համահունչ», – ասել է Քանաանին՝ հիշեցնելով պաղեստինցի ժողովրդին Իրանի աջակցության մասին:
«ԱՄՆ-ի կողմից այլ կառավարությունների նկատմամբ ուժի դիմելու սպառնալիքը դեմ է միջազգային օրենքին, հատկապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, հետևաբար, Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հապաղի ուժեղացնել իր զսպող ուժը և պաշտպանել իր իրավունքներն ու անվտանգությունը», – հավելել է Քանաանին՝ ԱՄՆ-ի պաշտոնյաներին խորհուրդ տալով «զերծ մնալ Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց»:
Tasnim-ը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում կայացած Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի ամենամյա գագաթնաժողովում Իրանին մեղադրել էր միջուկային զենք ձեռք բերելու մտադրության մեջ և կրկնել իր սպառնալիքը Թեհրանի դեմ, որ արձագանքի բոլոր տարբերակները քննարկվում են: