Մարտաֆիլմի առիթը եղել է կնոջ թեման. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանին եւ նրա մերձավորներին պատկանող «Հրաշք այգի» ռեստորանում օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզի Դեղձուտ համայնքի վարչական շրջանի ղեկավար Յուրիկ Մուրադյանի կողմնակիցների եւ նախկին ու ներկա ոստիկանների միջեւ։ Ականատեսների պատմելով՝ համայնքապետն ու նրա մտերիմները, ավելի կոնկրետ՝ հարազատներից ՆԳՆ աշխատակից Ռաֆիկ Մովսիսյանը, ծեծի են ենթարկել Երեւան քաղաքի հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակից՝ կարմիր բերետավոր Տաճատ Նորատունկյանին։
Ռեստորանի բակում բեմադրված մարտաֆիլմի առիթը եղել է կնոջ թեման, Նորատունկյանին սեփական կնոջ աչքի առջեւ ծեծի են ենթարկել, «բազարը» շարունակվել է Դեղձուտում, սակայն քանի որ համայնքի ղեկավարն իշխանությունների մոլի աջակիցն է, իրավապահներն աչք են փակել գյուղում քննարկվող այս միջադեպի վրա, եւ փաստով գործ չկա հարուցված։ Ի դեպ, գյուղապետը նախկինում էլ ՀՀԿ-ի «տասովշչիկներից» էր։
Երեկ համայնքապետից հետաքրքրվեցինք, թե ինչից է առաջացել վեճը։ Նա սկզբում հերքեց միջադեպի փաստը, ապա խոստովանեց՝ պնդելով, որ ոչ թե ինքն է մասնակցել, այլ՝ ուրիշը․ «Մենք՝ բոլորս, մի խնջույքի էինք մասնակցում, կարծեմ՝ մատաղի արարողություն էր, չգիտեմ, թե ինչ պատճառով է եղել միջադեպը»: Հետաքրքրվեցինք՝ իրավապահները զբաղվո՞ւմ են գործով, ինքը՝ որպես համայնքի ղեկավար, դիմե՞լ է նրանց։ Մուրադյանն ասաց, թե «պանիխիդայի» է եւ չի կարող մեր հարցերին պատասխանել»: