Հայաստանը շնորհավորել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրված երկրներին
Հայաստանը շնորհավորել է Ալժիրին, Գայանային, Կորեայի Հանրապետությանը, Սիերա Լեոնեին և Սլովենիային ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի կարգավիճակ ստանալու առիթով։
«Շնորհավորում ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նորընտիր անդամներին։ Բոլորին մաղթում ենք հաջողություն միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իրենց պատասխանատու առաքելության մեջ»,- ասված է ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
Ալժիրը, Գայանան, Կորեայի Հանրապետությունը, Սիերա Լեոնեն և Սլովենիան հունիսի 6-ին կայացած քվեարկությամբ ընտրվել են որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ։ Ընտրված երկրներն իրենց առաքելությունը կսկսեն հաջորդ տարվա հունվարից։ Այս երկրները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կմիանան մշտական անդամներ ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Ռուսաստանին, Չինաստանին և Մեծ Բրիտանիային, ինչպես նաև ոչ մշտական անդամներ Էկվադորին, Ճապոնիային, Մալթային, Մոզամբիկին և Շվեյցարիային։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներն ընտրվում են 2 տարի ժամկետով։