Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում առավելագույն որոշակիության կարիք է տեսնում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։

Օրեր անց Վաշինգտոնում նախատեսվող քննարկումներին ընդառաջ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերին, այդ թվում՝ սահմանազատման ու սահմանային անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրման շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում հնարավոր առավելագույն որոշակիության ապահովման, մասնավորապես 1975թ. քարտեզի շուրջ հանձնառության կարևորությունը:

Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ամերիկացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել բանակցային գործընթացին զուգահեռ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչող ագրեսիվ հռետորաբանության վրա՝ շեշտելով ուժի կիրառման սպառնալիքի բացառման և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման անհրաժեշտությունը։

Տեսանյութեր

Լրահոս