Կախովկայի ՀԷԿ-ի ավերումից հետո 7 մարդ անհետ կորել է, 1 գյուղ անցել է ջրի տակ
Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզի Նովայա Կախովկայում առնվազն 7 մարդ անհետ կորել է ՀԷԿ-ի կոնստրուկցիաների փլուզման և դրա հետևանքով ջրամբարից ջրի անվերահսկելի բացթողումից հետո։ Այս մասին ТАСС-ին հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը։
«Յոթ հոգի, որոնց մասին մենք հստակ գիտենք», – ասել է նա՝ պատասխանելով անհայտ կորածների թվի մասին հարցին։
Ըստ ТАСС-ի՝ Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման հետևանքով Նովայա Կախովկայում ջրի մակարդակը հասել է 12 մետրի, հեղեղվել է 14 բնակավայր:
Մեկ այլ հրապարակման համաձայն՝ Դնեպր գետի ձախ ափին գտնվող Կորսունկա բնակավայրն ամբողջովին անցել է ջրի տակ:
«Կորսունկա գյուղն ամբողջությամբ ջրի տակ է, Դնեպրյանի, Կրինկի, Կազաչի Լագերի բնակավայրերը հեղեղված են մինչև տանիքները», – ասել է քաղաքապետ Վլադիմիր Լեոնտևը։
ՀԷԿ-ի գնդակոծության համար Ուկրաինան և Ռուսաստանը մեղադրում են մեկը մյուսին: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ ըստ ուկրաինական հետախուզության տվյալների՝ ՀԷԿ-ը պայթեցրել է Ռուսաստանի զինված ուժերի 205-րդ մոտոհրաձգային բրիգադը: Իսկ ըստ ռուսական կողմի՝ հունիսի 6-ի գիշերը ուկրաինական բանակը հարված է հասցրել Կախովկայի ՀԷԿ-ին, ենթադրաբար, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիդրոէլեկտրակայանի վրա հարձակումն անվանել է Ուկրաինայի կողմից միտումնավոր դիվերսիա։