Ղրղզստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են 30-ից ավելի մարդու, որոնց կասկածում են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ
Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) աշխատակիցները ձերբակալել են ավելի քան 30 մարդու, որոնց կասկածում են հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի կենտրոնը։
«Ձերբակալվել են անձինք, որոնք ծրագրել էին զանգվածային անկարգություններ և անհնազանդության գործողություններ՝ իշխանության հետագա բռնի զավթման նպատակով», – ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ հատուկ ծառայությունների տվյալների՝ ընդհանուր առմամբ, այդ գործով հանրապետությունում ձերբակալվել է ավելի քան 30 մարդ։
Մամուլի կենտրոնի տվյալներով՝ հատուկ ծառայությունների աշխատակիցները «բացահայտել և կասեցրել են մի խումբ անձանց անօրինական գործունեությունը», որոնք զբաղվել են երկրի տարածքում «բողոքի զանգվածային ակցիաների և լայնածավալ անկարգությունների» նախապատրաստմամբ` «իշխանության հետագա բռնի զավթման» նպատակով։
Ըստ հայտարարության՝ այդ խմբավորումը տարվա ընթացքում իրականացրել է «իր շարքեր կողմնակիցների ներգրավման և առավել դժգոհ քաղաքացիների հավաքագրման նպատակամետ աշխատանք» ։ Խմբի պարագլուխն է «Էլդիկ Քենեշ» («Ժողովրդական խորհրդարան») կուսակցության ներկայացուցիչներից մեկը, որի անունն առայժմ չի հրապարակվում։ Ընդհանուր առմամբ, խմբի կազմում եղել է մոտ 100 մարդ։
«Տեղեկատվություն կա, որ մոտ ժամանակներս սպասվում էր զգալի միջոցների ստացում օտարերկրյա աղբյուրներից՝ կազմակերպական հարցերի ֆինանսավորման և (խմբավորման) հիմնական գործիչների վարձատրության համար», – նշել են մամուլի ծառայությունում։
Խուզարկությունների արդյունքում առգրավվել են նաև նրանց հանցավոր մտադրությունները հաստատող այլ իրեղեն ապացույցներ։ Բոլոր ձերբակալված անձինք տարվել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարան: