Բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանը հանդիպել է Բեռլինի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Գերմանիայում Հայաստանի դեսպանատանը կայացել է երիտասարդ բանաստեղծուհի, «Դեպի Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուի հեղինակ Մարիաննա Շահպարոնյանի հանդիպումը Բեռլինում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում։ Բեռլինի հայ համայնքի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ են ընդունել երիտասարդ բանաստեղծուհուն և բարձր գնահատականի արժանացրել հայրենիքին նվիրված նրա բանաստեղծությունները։
Միջոցառման ընթացքում համայնքը ներկայացնող պատանիների մեկն ասմունքել է Շահպարոնյանի՝ գերմաներեն թարգմանված բանաստեղծություններից մեկը։
Միջոցառմանը ներկա էին Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի ներկայացուցիչ, հոգևոր հովիվ Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը, Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպը, Մարիաննա Շահպարոնյանի բանաստեղծությունները գերմաներեն թարգմանած Ռոբերտ Շտայնքրյուգերը, մտավորականներ, արվեստի գործիչներ։
«Հիանալի հանդիպում ունեցա Բեռլինում բնակվող մեր հայրենակիցների հետ, ներկայացրեցի գիրքս, կիսվեցի իմ բանաձևով՝ ինչպես պահպանել հայի տեսակը, երբ ապրում ես հայրենիքից հեռու, ստացա բազմաթիվ դրական արձագանքներ իմ գործունեության հետ կապված։ Իմ առաջին այցն էր Գերմանիայի հայկական գաղթօջախներ, և կարելի է ասել՝ այցը հաջողված էր։ Ինձ համար շատ կարևոր է աշխարհի բոլոր կետերում բնակվող մեր հայրենակիցների աջակցությունը։ Հանդիպումները Սփյուռքում շարունակական բնույթ են կրելու»,- հանդիպումից հետո ասել է բանաստեղծուհին։