Հայաստանում 3 ամսվա ընթացքում գրանցվել է կարմրուկի 209 դեպք. հիվանդներից 8-ը ճանապարհորդությունից վերադարձած ՀՀ քաղաքացիներ են
Հայաստանում մարտի 3-ից մինչ օրս գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 209 դեպք, որից 8-ը ճանապարհորդությունից վերադարձած ՀՀ քաղաքացիներ են, ովքեր հիվանդացել են հենց շրջագայության ընթացքում։ Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել՝ հաշվի առնելով ներկայումս զբոսաշրջության ակտիվությունը:
Նախարարությունից հորդորում են՝ բոլոր նրանք, ովքեր պատվաստված չեն կամ թերի են պատվաստված կարմրուկի դեմ, ինչպես նաև՝ նախկինում չեն հիվանդացել, հանգստի մեկնելուց առնվազն 10 օր առաջ պատվաստվեն կարմրուկի դեմ:
Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է:
Վիճակագրությունը փաստում է` աշխարհում կարմրուկի դեպքերը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել են մոտ 80%-ով. միտումը շարունակվում է նաև այսօր: Կարմրուկի դեպքեր գրանցվում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Համաճարակային իրավիճակն անհանգիստ է նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում:
Հայաստանի առողջապահության գերատեսչությունից հիշեցնում են, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Հայաստանի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութերով: Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա/ամբուլատորիա և պատվաստվել: