Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխշահավետ փոխգործակցության հարցերին: Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի շուրջ:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր:
ՀՀ ԱԳ նախարարն ավստրիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախարար Միրզոյանը շեշտել է բանակցություններում առանցքային հարցերի, մասնավորապես` տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հստակ արտահայտված հանձնառության հիման վրա սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Ընդգծվել է առկա, այդ թվում՝ մարդասիրական խնդիրների, Լաչինի միջանցքի արգելափակման խնդրի հասցեագրման և ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը: