Պետք է անել ամեն ինչ, որ դատական համակարգը, որն անփոխարինելի հենասյուն է, կարևորվի մեր հասարակությունում. Գրիգոր Մինասյան
Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող 2022-2026 թվականների ՀՀ դատական համակարգի բարեփոխումների ռազմավարությունը նախանշում է գործողությունների համապարփակ ծրագիր՝ ուղղված համակարգային բարեփոխումների ոլորտներին՝ ներառելով էլեկտրոնային արդարադատության համակարգը, դատարանների վարչարարությունը և դատական գործերի վարումը, իրավական և մասնագիտական կրթությունը, մասնագիտական զարգացումը և թիրախային այլ ոլորտները:
Համաշխարհային Բանկի կառավարման գլխավոր մասնագետ Էվա Մելիսը, ներկայացնելով «Աջակցություն ՀՀ դատական համակարգի բարեփոխումներին. հայացք ապագային» զեկույցը, նշեց, որ ապագայի համար առաջարկվող կարևոր կետերից է ամրապնդել ԲԴԽ-ի ոչ դատավոր անդամների ընտրության գործընթացի բարեվարքությունը և թափանցիկությունը՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին համահունչ: Հզորացնել տվյալների հավաքումը և վիճակագրությունը` քաղաքականության որոշումները և բարեփոխումները տեղեկացնելու և դրանց հետևելու համար: Բարելավել Բարձրագույն դատական խուրհրդի և դատական դեպարտամենտի վարչական և կառավարման կառուցվածքը` 2022-2026թթ. Դատաիրավական ռազմավարության իրականացմանը նպաստելու համար:
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ պետք է միասին աշխատեն, որ դատական համակարգը, որն անփոխարինելի հենասյուն է, կարևորվի մեր հասարակությունում:
«Ցավոք սրտի 2020 թվականի պատերազմը մեզ ստիպեց կարևորել, թե ի՞նչ է բանակը և անվտանգությունը, իսկ թե ինչքա՞ն կարևոր է դատարանը և արդարադատությունը՝ հասարակությունը նոր-նոր է սկսում հասկանալ: Չկա ուժեղ պետություն, չկա ուժեղ բանակ, չկա ներդրում, եթե չունենք որակյալ և լավ արդարադատություն մեր երկրում: Այ սա է, որ մենք բոլորս պետք է գիտակցենք»,-նշեց նախարարը:
ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, կարևորելով դատական համակարգում իրականացվող բարեփոխումները, նշեց, որ երբ 2019 թվականին նորից եկել է Հայաստան, ուներ զգացողություն, որ կառավարությունը իրապես պատրաստ է աշխատելու բարեփոխումների գործընթացի ուղղությամբ, որը հանդիսանում է կարևոր հենասյուն երկիրը ժողովրդավար և իրավունքի գերակայություն ունեցող երկիր դարձնելու համար:
«Ցանկանում եմ ընդգծել, որ առանց ժողովրդավարության դուք անվտանգություն չեք ունենա: Սա շատ կարևոր է, այս պատերազմը տրավմայի ենթարկեց բոլորին և մարդիկ պետք է վստահություն ձեռք բերեն կառավարության և արդարադատության համակարգի նկատմամբ: Եթե կարողանաս դիմել դատարան և զգալ, որ իսկապես կարող ես արդարացի դատական վճիռ ստանալ, միայն այդ պարագայում կձևավորվի վստահություն: Այս բարեփոխումների փաթեթը միտված է հասնելու հենց այնպիսի դատական համակարգի, որ մեծ վստահություն կներշնչի հանրությանը»,- նշեց Վիկտորինը: