Սարալանջի ճանապարհին հանրային տրանսպորտի համար առանձնացված գիծն արդեն շահագործվում է
Երևանի Սարալանջի ճանապարհին ավտոբուսների համար առաջին առանձնացված գիծն արդեն շահագործվում է:
Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանից, աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ ավտոբուսների համար երթևեկության առանձին գծեր կլինեն նաև Գայի պողոտայում և Գարեգին Նժդեհի փողոցում:
Վարչական շրջաններում կատարվում է փողոցների շուրջ 23 կմ 740 մ հատվածի միջին նորոգում: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով աշխատանքների որակին, շեշտել է տեխնիկական հսկողության նշանակությունն ու ընդգծել, որ այն պետք է ձևական չլինի:
«Կատարված աշխատանքների վերաբերյալ բազմիցս եղել են բողոքներ, որ բավարար որակով չի իրականացվում: Այստեղ մենք ունենք տեխնիկական հսկողության կառույցը, որը պետք է սկսի իրապես աշխատել: Պետք է հասկանանք, թե քանի տեխհսկող է պատժվել իր գործը չանելու համար: Նաև գուցե ուսումնասիրենք կառավարության փորձը՝ աշխատանքների տեխնիկական հսկողության լոտերը մեծացնելու առումով և, համապատասխանաբար, ավելի խոշոր խաղացողներին մասնակցելու հնարավորություն տանք: Տեխնիկական հսկողությունը պետք է չկրի ձևական բնույթ: Եթե այդպես է՝ ավելի լավ է չունենանք: Պետք է գտնել բովանդակային ձևը, որպեսզի տեխհսկողությունը դառնա իրական գործիք, և խստորեն հետևենք որակին» ,-ընդգծել է փոխքաղաքապետը:
***
«Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսների վերջին խմբաքանակի տեխնիկական բնութագրի անհամապատասխանության խնդիրներն ընկերության կողմից չլուծելու պարագայում քաղաքապետարանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ:
«Եթե տեխնիկական առաջադրանքին ոչ համապատասխան որևէ ծառայություն կամ ապրանք մատակարարվի Երևանի քաղաքապետարանին՝ ամենակոշտ ձևով քաղաքապետարանն իր բոլոր լիազորություններն ու լծակներն օգտագործելու է: Սա այսուհետ քաղաքապետարանի գործելաոճն է լինելու բոլոր տեսակի պայմանագրերի վերաբերյալ» ,-շեշտել է Տիգրան Ավինյանը
***
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների և ՓԲԸ-ների 1321 աշխատակից ներառվել է առողջապահական ապահովագրության փաթեթում: Նրանց ընտանիքի անդամները նույնպես կարող են ապահովագրվել նույն գումարի սահմանաչափով:
***
Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման ծրագրի վերաբերյալ բնակիչների հետ անցկացվել է հանդիպում: Հաշվի առնելով որոշ բնակիչների բացասական դիրքորոշումը խնդրի լուծման մասին՝ հանձնարարվել է պատրաստել գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծ:
«Ամբողջ շենքի բնակիչները մեկ-երկու հոգու ոչ խելամիտ պահանջների պատճառով չպետք է պատանդ մնան այդ խարխլված տներում, որոնց 1 քմ-ի համար, ի դեպ, մենք առաջարկել են 402 հազար ՀՀ դրամ՝ մի քանի անգամ ավելի մեծ բնակտարածքով» ,-նշել է փոխքաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության զանգերի արդյունավետության և քաղաքապետարան մուտքագրված դիմումների ու գրությունների կատարման առնչությամբ զեկուցվել է, որ արդեն իսկ համալրվել են արագ արձագանքման խմբերը: Նախորդ շաբաթ 6730 զանգից սպասարկվել է 825-ը:
«Աշխատանքի որակն առաջին հերթին գնահատվելու է պատասխանված զանգերի սպասարկման տոկոսով, ինչն այսօր շատ փոքր է, և պատասխանների որակով: Քաղաքապետարանն այլևս չի գործելու նախկին ձևով, մեր գործելաոճը պետք է 180 աստիճանով փոխվի: Համաշխարհային բանկի հետ մենք իրականացնելու ենք նոր ծրագիր, որով մշակվելու է հավելված, որն առաջին հերթին ունենալու է քաղաքացիների ներգրավման հնարավորություն՝ իրենց բողոքներն ու դիտարկումները ներկայացնելու և, հետևաբար, արագորեն արձագանքելու համար»,-ընդգծել է Տիգրան Ավինյանը:
***
Հիմնանորոգվում են Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի յոթ մարզադահլիճը, նկուղային հարկը: Շինարարության ընթացքում կվերակառուցվի լողավազանը, կբարելավվի հովացման համակարգը:
Ավարտական փուլում է Կոմիտասի անվան զբոսայգու, պանթեոնի խորքային հորի վերակառուցումը: Զուգահեռաբար ընթանում է էրեբունի, Արաբկիր, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում ոռոգման ցանցի և առանձին ջրագծերի շինարարությունը:
***
Նախորդ շաբաթ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի հետ մաքրել է Սարալանջի ճանապարհի՝ Նորք-Մարաշից մինչև Տիգրան Մեծի պողոտա ընկած շուրջ 4 կմ հատվածը: Տարածքը մաքրվել է քարերից, շինանյութերից, գերաճած անպետք ծառատեսակներից ու թփերից:
****
Այս պահին փոխարիվում է քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի 100 վերելակ: Մոնտաժման աշխատանքների ավարտից և ԱԻՆ համապատասխան փորձաքննությունից հետո դրանք կհանձնվեն շահագործման: Երկրորդ փուլով կփոխարինվի ևս 400 վերելակ: