Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի գործով Գայանե Հակոբյանին նշանակվել է տնային կալանք
Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի գործով Գայանե Հակոբյանին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ.Հովհաննիսյանի որոշմամբ նշանակվել է տնային կալանք: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով այս մասին հայտնել է Գայանե Հակոբյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը:
2023 թ. մայիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Աշոտ Փաշինյանն ասել է, որ Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գ.Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020թ. պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի «ռեպլիկներ» են հնչեցրել:Նրանցից մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։
Դատարանը մայիսի 20-ին որոշում էր կայացրել 1 ամսով կալանավորել Գայանե Հակոբյանին: