
Պաշտոնաթող Փաշինյանի համար գրասենյակի ֆինանսավորման կարգ է հաստատվել. որքան գումար կհատկացվի

Փաշինյանի կառավարությունը փոփոխություն է կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում և օրենքը լրացրել նոր հոդվածով՝ հաստատելով պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը։
Ըստ Կառավարության ընդունած որոշման նոր հոդվածով՝ «Վարչապետի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո», նախատեսվել է պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ինստիտուտը:
Համաձայն կատարված փոփոխության՝ պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ կառավարության կողմից։
Առանձնացվել է պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության իրականացման համար երկու հիմնական ուղղություն՝ գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն և գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում։
Գրասենյակի աշխատողների հիմնական աշխատավարձի չափը 14,8 մլն դրամ է, գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարի փոխհատուցման առավելագույն չափը՝ 2 մլն դրամ։