Ալ Պաչինոն 83 տարեկանում չորրորդ երեխային է սպասում
Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ալ Պաչինոն 83 տարեկանում չորրորդ անգամ հայր կդառնա: Ինչպես տեղեկանում ենք BBC-ից, այս տեղեկությունը հաստատել են դերասանի ներկայացուցիչները։ «Կնքահայրը» ֆիլմի աստղը հայտարարել է, որ իր 29-ամյա ընկերուհին՝ կինոպրոդյուսեր Նուր Ալֆալլահը, ութ ամսական հղի է։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Պաչինոն և Ալֆալլահը միասին են Covid-19-ի համավարակից ի վեր։
Պաչինոն արդեն երեք երեխա ունի՝ երկուսը՝ դերասանուհի Բևերլի Դ’Անջելոյից, մեկը՝ դերասանական վարպետ Յան Տարանտից։
Ավելի քան հինգ տասնամյակ տևած կարիերայի ընթացքում Ալ Պաչինոն նկարահանվել է «Իռլանդացին», «Կնքահայրը», «Սպիով դեմքը» և այլ ֆիլմերում: Իսկ «Կնոջ բույրը» ֆիլմում կատարած դերի համար Պաչինոն արժանացել է «Օսկարի»:
Նուր Ալֆալլահն աշխատում է կինոարդյունաբերության ոլորտում և այնպիսի ֆիլմերի պրոդյուսեր է, ինչպիսիք են «Բիլի Նայթը», «Փոքր մահը» և «Բրոսա Նոստրան»:
2017 թ.-ին նա հանդիպում էր երաժիշտ Միք Ջագերի հետ։
«Կնքահայրը» ֆիլմի 2-րդ մասում Ալ Պաչինոյի հետ խաղացած աշխարհահռչակ դերասան 79-ամյա Ռոբերտ դե Նիրոն վերջերս հայտարարեց, որ ծնվել է իր յոթերորդ երեխան: