
Վենեսուելան և Բրազիլիան վերականգնում են համակողմանի համագործակցությունը

Բրազիլիան և Վենեսուելան կնքել են համաձայնագրեր՝ ուղղված համակողմանի հարաբերությունների վերականգնմանը, որոնք խզվել էին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի նախկին վարչակազմի ժամանակ։ Մադուրոն Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման և վերսկսման գործընթացն ամրագրված է կողմերի միջև ստորագրված համատեղ հռչակագրում։
Ըստ գրառման՝ Վենեսուելայի նախագահի՝ Բրազիլիա կատարած պաշտոնական այցի արդյունքներով մայիսի 30-ին ստորագրված հռչակագրով վերսկսվում է երկու ժողովուրդների միջև համակողմանի և ռազմավարական համագործակցության օրակարգը:
Մադուրոն նաև տեսանյութ է տարածել՝ հայտնելով երկու երկրների միջև հարաբերությունների նոր դարաշրջանի մեկնարկի մասին:
«Վենեսուելայի և Բրազիլիայի կառավարությունները բացում են երկկողմ և դիվանագիտական հարաբերությունների նոր դարաշրջան՝ համագործակցության նոր ծրագրով` հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով, որոնք ամրապնդում են եղբայրական կապերը… և համագործակցությունը տնտեսության, առևտրի, առողջապահության, գյուղատնտեսության բնագավառում», – ասված է տեսանյութում։