Մարդիկ անպաշտպանվածության զգացումից շատ ընկճված են, ո՞ր նորմալ հայը կարող է իրեն լավ զգալ. Զարեհ Սինանյան

«Կներեք, նույնիսկ այնքան վիրավորական է հարցին պատասխանելը, որովհետև դա լրիվ աբսուրդի ժանրից է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով հարցին, թե սփյուռքն ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, այն դեպքում իշխանությունը թույլ չի տալիս, որպեսզի սփյուռքում մարդիկ իրենց դիրքորոշումը հայտնեն։

«Սփյուռքում, նաև Հայաստանում այս իրավիճակից անպաշտպանվածության զգացումից մարդիկ շատ ընկճված են, շատ վատ են զգում, սա, այսինքն՝ գաղտնի՞ք է որևէ մեկիս համար։ Ո՞ր նորմալ հայ մարդը կարող է իրեն լավ զգալ նրա համար, որ ինքներս չենք կարողանում վերահսկել Լաչինը, այն մարդիկ, որոնք պետք է վերահսկեն, ընդհակառակը՝ չեն վերահսկում, այլ հանձնում են ադրբեջանցիներին։ Իհարկե, տրամադրությունները շատ վատ են, ինչպե՞ս կարող է լավ լինել։ Կրկնում եմ՝ ինչպես Հայաստանում ցանկացած նորմալ մարդու համար չի կարող լավ տրամադրություն լինել սրա հետ կապված։

Ինչ վերաբերում է  ինչ-որ ակցիաների և գործողությունների սփյուռքում՝ կապված այս իրավիճակի հետ՝ Արցախի ու սահմանների վերաբերյալ,  հավատացեք, ձեր ասածի ճիշտ հակառակն է։ Իհարկե, մենք չենք ուզում խառնվել այս երկրների քաղաքացիների գործողությունների մեջ, չենք կարող թելադրել, թե իրենք ինչ կարող են անել, բայց միանշանակ ձեզ ասեմ՝ եթե իրենք  ցասումն արտահայտում են այդ երկրների օրենքների սահմաններում և առանց օրենք խախտելու, ինչպե՞ս կարող ենք մենք դրան դեմ լինել։

Այսօր մեզ պետք է ոչ թե հիասթափություն, այլ գործողություններ, այսինքն՝ գործողություն, որը կբերի արդյունքի։

Կարդացեք նաև

Ես կողմ եմ ցանկացած գործողության, որոնք կօգնեն մեզ մեր ընդհանուր գործի մեջ, այսինքն՝ Արցախի մեր հայրենակիցների՝ իրենց հողի վրա հանգիստ, ժողովրդավարական սկզբունքներով ապրելուն և ՀՀ տարածքային ամբողջականությունն ապահովելուն»,- նշեց Զարեհ Սինանյանը։

Նրա խոսքով՝ նախորդ 30 տարիներին Հայոց ցեղասպանության ճանաչման համար սփյուռքում հսկայական ռեսուրսներ օգտագործվեցին, և հասան նպատակին, սակայն հասան մարտավարական, այլ ոչ թե ռազմավարական նպատակին։

«Այսինքն՝ ցեղասպանությունը ճանաչվեց, մենք բարոյական հաղթանակ տարանք, բայց դրանով հայ ժողովրդի որևէ հատվածի անվտանգությունը չբարելավվեց»,- շեշտեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։

Զարեհ Սինանյանը, սակայն, չմեկնաբանեց մամուլում արդեն հրապարակված Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի  արձագանքն Ալիևի վերջին հայտարարությունների՝ «Արցախի իշխանություններին համաներում շնորհելու հնարավորության» առնչությամբ, պատճառաբանելով, թե  մինչև անձամբ չկարդա, չի մեկնաբանի։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս