Բաժիններ՝

3 անձ կալանավորվել է Իրանից ավելի քան 10 կգ ընդհանուր քաշով մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության համար

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվող նախաքննությամբ պարզվել են Իրանից մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցներ տեղափոխելու, ինչպես նաև՝ թմրամիջոցների առերևույթ ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի վերաբերյալ էական հանգամանքներ:

Նախնական տվյալներով, ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ քաղաքացին, Սյունիքի մարզում փաստացի բնակվող 32-ամյա տղամարդու հետ նախնական պայմանավորվածությամբ, 2023թ. մայիսի 18-ին և 19-ին մաքսանենգ ճանապարհով ԻԻՀ-ից ՀՀ է ներկրել առանձնապես խոշոր չափերի մարիխուանա և այլ տեսակի թմրամիջոցներ:

«Սյունիքի բնակիչը ԻԻՀ քաղաքացու նշած վայրից` ՀՀ-ԻԻՀ պետական սահմանին հարակից տարածքից, վերցրել է ՀՀ առաքված թմրանյութերի խմբաքանակը և չբացահայտվելու նկատառումներից ելնելով` այն պահել է ՀՀ-ԻԻՀ սահմանին հարակից տարածքում՝ թաքստոցում:

Ապա, իր հանցավոր մտադրությունն իրականացնելուն նա ներգրավել է Քաջարան քաղաքի երկու բնակչի, ովքեր «TOYOTA» մակնիշի ավտոմեքենայով Քաջարանից մեկնել են Մեղրի, թաքստոցից վերցրել թմրամիջոցով լցված տոպրակները, տեղավորել ավտոմեքենայում։ Վերադառնալիս, օպերատիվ տվյալներ իրացնելու արդյունքում, ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահների կողմից, որում հայտնաբերվել և վերցվել է ակնհայտորեն 10 կիլոգրամը գերազանցող 2 պոլիէթիլենային տոպրակ:

ՀՀ ԱԱԾ-ից ուղարկված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիետի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում որոշում է կայացվել` 32-ամյա տղամարդուն և Քաջարան քաղաքի վերոնշյալ երկու բնակիչներին, թմրամիջոցների մաքսանենգություն և թմրամիջոցների իրացում կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասակածի հիմքով, ձերբակալելու մասին:

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ, որոնց արդյունքում ավտոմեքենայի հետևի նստատեղին և բեռնախցիկոմ` պահեստային անվադողի համար նախատեսված տեղում, հայտնաբերվել է երկու հատ պոլիէթիլենային տոպրակ՝ «Մարիխուաննա», «Մեթամֆետամին» և «Հերոին» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներով լցված 20 տարբեր փաթեթներով, երկու հատ ատրճանակ, 110 փամփուշտ, ինչպես նաև՝ 0,1 գրամ չոր, կանաչ գույնի կանեփանման զանգված»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ հիշյալ երեք անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։

Նշվում է, որ Քաջարան քաղաքի բնակիչներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգքրի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ 32-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգքրի 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 44-396-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կանաքը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների և զենք զինամթերքի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս