«Այս պահին որևէ հաստատում, լուրեր չունենք՝ հետևում ենք իրավիճակին». Զառա Ամատունին՝ առևանգված հայ զինծառայողների մասին
Մայիսի 26-ի՝ ժամը 19:00-ից որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներն առևանգվել են Ադրբեջանի կողմից։
Պաշտպանության նախարարությունն արդեն հայտնել է նրանց անունները՝ Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան։
«Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,- հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։
168.am-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե արդյո՞ք Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում տեսակցել են երկու հայ զինծառայողների հետ և արդյո՞ք նրանց միջոցով ընտանիքների հետ կապ են հաստատել։
«Այս պահին որևէ հաստատում, լուրեր չունենք, որպեսզի կարողանանք այս հարցերը մեկնաբանել։ Հետևում ենք իրավիճակին և, բնականաբար, ըստ մեր ընթացակարգերի առաջ կշարժվենք՝ ինչ-որ առաջընթացի դեպքում»,- նշեց Զառա Ամատունին։
Հարցին՝ ի՞նչ ընթացակարգով է Կարմիր խաչը սկսում հետաքրքրվել նման դեպքերով, Զառա Ամատունին պատասխանեց.
«Հետաքրքրվելը՝ հետաքրքրվում ենք, որովհետև մենք ամեն օր հետևում ենք իրավիճակին, և ցանկացած նորություն, որն ի հայտ է գալիս, մեր ուշադրության կենտրոնում է։ Սակայն, երբ անցնում ենք գործողությունների՝ միջնորդությունների և այլն, ընտանիքի և համապատասխան իշխանությունների կողմից պետք է լինի դիմում, որը չի ուշանում, և մյուս կողմից պետք է լինի հաստատում։ Սա հիմք է հանդիսանում, որպեսզի մենք դիմենք և կարողանանք անհապաղ տեսակցել տվյալ անձանց»։
Ճշտող հարցին՝ վերը նշված քայլերից որևէ մեկը տվյալ դեպքով իրականացվե՞լ է, Զառա Ամատունին պատասխանեց, որ դրա վերաբերյալ ուղղակի չի կարող խոսել։
«Այդ պահի դրությամբ ինքս որևէ հստակ բան չեմ կարող ասել, բայց իրավիճակի զարգացմամբ կկարողանանք ավելի հստակ մեկնաբանություն տալ»։