Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարության տեքստը նման է Բրյուսելի պայմանավորվածությունից հրաժարվելուն. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև տարածաշրջանային իրողություններին, ինչպես նաև օրերս տեղի ունեցած մոսկովյան հանդիպմանն ու քննարկումներին։

«Գիտեք, որ 2022 թվականն ընդգծվեց սեպտեմբերյան ագրեսիայով՝ ՀՀ-ի նկատմամբ, ու պետք է ասեմ, որ ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է  մնալ լարված։ Ընդ որում, դա կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերությունների հետ, կապված է նաև գլոբալ տեղի ունեցող գործընթացների հետ։

Հիմա մենք շատ տագնապալից լուրեր ենք ստանում Իրանի և Աֆղանստանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններից, և այլն, և այսպես շարունակ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, այս ամենի համատեքստում իրենց խնդիրը հետևյալն է, քանի որ որդեգրել են խաղաղության օրակարգ և խաղաղության ռազմավարություն, անում են հնարավորը՝ այդ օրակարգը կյանքի կոչելու համար։

Կարդացեք նաև

«Դուք տեղյակ եք, որ ընդամենը նախորդ շաբաթ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան բանակցային եռակողմ հանդիպումը։ Ես պետք է ձեզ տեղեկացնեմ, որ քննարկման թեմաներից մեկը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար իրավիճակին և Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը։ Այս թեման մենք քննարկել ենք և ՌԴ մեր գործընկերների հետ, և չեմ կարող ասել, որ այդ քննարկման արդյունքները գոհացնող են։ Պետք է արձանագրենք, որ սա շատ ցավալի իրավիճակ է, և ես հրապարակային առիթ ունեցա ասելու, որ Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցել, ըստ էության, ՌԴ խաղաղապահների աչքի առաջ։ Մենք շարունակելու ենք քննարկումները ՌԴ մեր գործընկերների հետ, այդ իրադրության կարգավորման ուղղությամբ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Մոսկվայում քննարկված մեկ այլ թեմայի՝ տարածաշրջանային կոմունիկացիաներն ապաշրջափակելուն, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս պահին աշխատում են երկաթուղային ենթակառուցվածքների բացման ուղղությամբ։

«Ցավոք, այդ հարցի լուծումը միայն մեզանից չի կախված, այսինքն՝ եթե միայն մեզանից կախված լիներ, վաղուց լուծված կլիներ։ Բրյուսելյան հանդիպումների վերաբերյալ հրապարակային տեղեկացրել եմ։

Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Պիտի նաև ընդգծեմ, որ այս առումով առնվազն հասկանալի չեն երեկ Ադրբեջանի նախագահի հրապարակային արած մի շարք հայտարարությունները։ Կարծում եմ՝ այստեղ Ադրբեջանը և միջազգային գործընկերներն առնվազն պետք է պարզաբանեն, թե արդյո՞ք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Իսկապես մենք մեր գործընկերներից պետք է այդ հարցերի պատասխանները ստանանք»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս