520 անհայտ նվիրատու փող է տվել «Քաղաքացիական պայմանագրին». Փաշինյանը չգիտի ահազանգող զեկույցի մասին
«Բոլոր ստուգումները, վերստուգումները, ծանուցումներն իրականացվում են օրենսդրական այն փոփոխությունների արդյունքում, որոնք մեր քաղաքական թիմն է որոշում կայացրել և ընդունել: Եվ, եթե խնդիր ունենայինք այնպես անել, որ ոչ պոզով և պոչով կենդանուն թաքցնեինք, մենք այդ օրենքները չէինք ընդունի: ՀՀ-ում այդ օրենքներն ընդունված էին այնպես, որ պոզով-պոչով կենդանիներն իրենց տեղում հանգիստ ապրեին: 2022թ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 7 միլիարդ դրամով ավելի հարկ է վճարել, քան 2012թ. ամբողջ հարկերն իրար հետ վերցված»,- մամուլի ասուլիսին պատասխանելով կուսակցությունների, մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագրի» գործունեության թափանցիկության և ստացած նվիրատվությունների մասին հարցին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ նվերների մասին այնպիսի խիստ օրենսդրություն են ընդունել, որ հիմա նայում, ասում ենք՝ լավ, ո՞նց ենք աշխատելու:
«Հիմա էլ աշխատում ենք ստացած նվերները պետությանը հանձնելու ընթացակարգերի վրա: Այցերի ընթացքում եղել է, թանկարժեք նվերներ ենք ստանում, չես կարող նվերը հետ տալ՝ ասել՝ վերցրու, չեմ ուզում: Հետո պարզում ենք, որ ընթացակարգը չկա, թե ոնց պետք է հանձնենք, ինչ պետք է անենք: Իսկ նշված դեպքով կաշխատենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ ըստ լրագրողի՝ ՔՊ-ն իրավաբանական տարբեր անձանցից շուրջ 16 միլիոն 300.000 դրամի աջակցություն է ստացել, բայց հայտնի չէ, թե ովքե՞րն են նվիրատուները: Չկա նաև տեղեկություն, թե ովքե՞ր են իշխող քաղաքական ուժին նվիրատվություն կատարել: