Բաժիններ՝

Երևանի քաղաքապետարանը Ֆորշին բնակարան կնվիրի

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2023 թվականի մայիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու  10-րդ  նստաշրջանի 4-րդ  նիստը, որի ժամանակ կքննարկվի Երևան համայնքի սեփականություն համարվող Շինարարների փող. 15 շենքի հ.63 բնակարանը անհատույց օտարելու մասին հարցը:

Ավագանին կորոշի թույլատրել Երևանի քաղաքապետին՝ 70.15-քմ մակերեսով բնակարանը  սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Վահան Գևորգյանին՝ Ֆորշին:

«Սիրված երգիչը բնակվում է վարձակալական հիմունքներով: Հաշվի առնելով Վահան Գևորգյանի /Ֆորշ/ անցած ստեղծագործական ուղին, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը, ստեղծագործելու համար պայմաններ ապահովելու նպատակով մշակվել է ավագանու որոշման այս նախագիծը»,- ասված է որոշման մեջ:

Ֆորշը ծնվել է 1967թ. մայիսի 25-ին, Երևանում: 1985թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը: 1985-92թթ.  սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում: 1983թ.-ից սկսել է գրել երգեր: 1994թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը` «Բարև, իմ սեր»: Հետագայում թողարկել է նաև «Գիշեր» (1997թ.), «Խենթ աղջիկ» (2000թ.), «Այսպես էլ ապրում ենք» (2004թ.), «Երևանը մենք ենք» (2010թ.) ձայնասկավառակները:

Կարդացեք նաև

1990-96թթ. աշխատել է «Մետրո» թատրոնում` որպես դերասան և կոմպոզիտոր: Հեղինակել է մի շարք բեմադրությունների երաժշտություններ` Ն.Ծատուրյանի «Հեթում արքա», «Ապերախտ տղամարդիկ», Վ.Ստեփանյանի «Շունն ու կատուն» և այլն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում: Հեղինակել է ավելի քան 50 երգ: 1994թ. հիմնադրել է «Ռա Մինոր» խումբը և համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: 2008թ. հիմնել է «Ֆորշ և ընկերներ» ընկերությունը, որը Սևանա լճի ափին իրականացրել է «Երաժիշտներ հանուն խաղաղության» միջազգային փառատոնը: Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Տեսանյութեր

Լրահոս