Երևանում ուժեղ քամին վնասներ է հասցրել
Մայիսի 19-ին, ժամը 17։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում ուժեղ քամու հետևանքով ծառը շրջվել է ավտոմեքենաների վրա՝ վնասելով նաև հարակից շինության պատը:
Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Երևանի պետական համալսարանի ավտոկայանատեղիում քամու հետևանքով ծառն արմատախիլ է եղել և ընկել ավտոկայանատեղիի և հարակից շինության բաժանարար պատի վրա. պատը փլուզվել է կայանած «Mitsubishi», «Toyota Corolla» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաների վրա:
Փրկարարները փլուզված զանգվածի տակից դուրս են բերել ավտոմեքենաները և մասնատել ծառը։