Ուժային կարևոր պաշտոնները դեռևս թափուր են

ՀՀ ուժային կառույցներում կարևոր պաշտոններ, բավականին ժամանակ է, թափուր են մնացել:

Մասնավորապես, 2023 թվականի փետրվարի 1-ից, երբ գնդապետ Արմեն Գյոզալյանին ազատեցին ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալի պաշտոնից և նշանակեցին Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի պաշտոնը թափուր է: Այսինքն, այս պահի դրությամբ այս կարևոր վարչությունը ղեկավարվում է պետի պաշտոնակատարի մակարդակով:

2023 թվականի մարտի 14-ին գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանին ազատեցին Հայ-ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից։ Նոր նշանակում դեռ չի կատարվել:

Կարդացեք նաև

Նույն օրը՝ մարտի 14-ին, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն:

«Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում: Եթե ուշադիր նայեք, դուք ինքներդ այդ փաստերը կտեսնեք»,- շեշտել էր Փաշինյանը:

Ի դեպ, լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնում գեներալ Փարվանյանին փոխարինելու է ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը:

168.amտեղեկություններով, Օնիկ Գասպարյանի՝ պաշտոն ստանալու լուրերը չէին համապատասխանում իրականությանը:

2023 թվականի ապրիլի 12-ին պաշտոնանկ էր արվել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը: Այս պաշտոնը նույնպես դեռ թափուր է։

Նշենք, որ այս ազատմանը նախ նախորդել էր Տեղի հատվածում ադրբեջանական առաջխաղացումը: Մասնավորապես, Ադրբեջանի զինուժի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղին փակելուց հետո՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում, մարտի 30-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ եղել են քարտեզների տարընթերցումներ, և 5 կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել:

Ապրիլի 1-ին ԱԱԾ-ն այս թեմայի առնչությամբ ևս մեկ հաղորդագրություն էր տարածել, որտեղ հայտնել էր, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակն էականորեն բարելավվել է։ Հայտնում ենք, որ ներկայումս աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ»,- նշված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Թե ինչ բարելավման մասին էր խոսում ԱԱԾ-ն՝ այդպես էլ չպարզաբանեցին:

Իսկ Նիկոլ Փաշինյանը մարտի 30-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր.

«Քանի որ Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք Կոռնիձորի կամրջով, ապա՝ նորից Ադրբեջանի տարածք, ապա՝ նորից ՀՀ տարածք։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը։Նախօրեին մենք տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և, որ ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում Հայաստանի պետական սահմանի պահպանությունը։ Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ պետական սահմանին այն նույն դիրքերում, որտեղ մինչև օրս ՊՆ ստորաբաժանումներն էին տեղակայված»:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում նշել էր՝ իմանալով, որ ապրիլի 1-ից միջանցքը՝ Հայաստանն Արցախին կապող երթուղին, Տեղ գյուղից տեղափոխվելու է Կոռնիձոր, և մոտ 5 կմ-անոց հատված մնալու է անպաշտպան, նախապես Զինված ուժերը կամ Սահմանապահ զորքերը համապատասխան տեղակայում այդ ուղղությամբ չեն իրականացրել, ինչից օգտվելով՝ ադրբեջանական զորքերը երթուղու փոփոխությունից 2 օր առաջ եկել և ինժեներական, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում հենց սահմանագծին:

Շարունակենք ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի ազատման թեման և հիշեցնենք նաև, որ Արման Մարալչյանի ազատման հրամանագրից մեկ օր առաջ՝ ապրիլի 11-ին, Տեղ գյուղում ադրբեջանական սադրիչ գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցել էր 4 զոհ, 6 վիրավոր։

Ադրբեջանական սադրանքները շարունակական բնույթ են կրում, իսկ վերևում հիշատակված պաշտոններն իշխանությունները, սովորության համաձայն, շարունակում են թողնել թափուր: Իսկ թե այս դեպքում կադրային ռեսուրսի՞ խնդիր է, թե՞ քաղաքական ինչ-ինչ հանգամանքներով է պայմանավորված, հայտնի չէ:

Տեսանյութեր

Լրահոս