«Գայանեն ինչպե՞ս պետք է առևանգեր 23 տարեկան երիտասարդին. Ժորան իր կյանքը տվեց հանուն այդ Աշոտիկի ապրելուն». Մարգարիտա Խաչատրյան
Մայիսի 17-ին ձերբակալվել է 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Ժորա Սահակյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը։ Նրան մեղադրում են Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու համար, այն դեպքում, երբ Գայանե Հակոբյանը մեքենայի մեջ միայնակ է եղել։
Ինչպես լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր նահատակված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, Գայանե Հակոբյանն ընդամենն Աշոտ Փաշինյանին ասել է. «նստիր մեքենա, տանեմ Եռաբլուր, որպեսզի տեսնես, թե հայրդ ինչ է արել», ինչից հետո Աշոտ Փաշինյանը նստել է մեքենան։
168.am-ի հետ զրույցում «Զինվորի մայր» հ/կ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը Գայանե Հակոբյանի ձերբակալության փաստը մեկնաբանեց իշխանությունների այն գործելաոճով, որ ինչ-որ փաստաթուղթ են պատրաստվում ստորագրել ու ամեն ինչ անում են ժողովրդի ուշադրությունն այլ ուղղությամբ շեղելու համար։
«Մենք այսպես գնում ենք դեպի անդունդ, մեր տղաներն իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, բայց այսօր մեր գինը հայրենիքը չգիտի։ Գայանեին կապել առևանգման հետ՝ ստորություն է, չէ՞ որ Ժորան ու նրա նմաններն իրենց կյանքը տվեցին հանուն այդ Աշոտիկի ապրելուն։ Գայանեն այն մարդը չէ, որ միայնակ մեքենայի մեջ Աշոտին առևանգեր, զոհվածի մայրը սեփական վիշտը տեսնելով, երբեք ուրիշի երեխային վնաս չէր պատճառի։ Նա ցանկացել է Աշոտիկի հետ զրուցել, որ այդ տղայի աչքերը վերջապես բացի, որ իր հայրն ինչպես 5 հազար հոգու սպանեց։ Ամեն դեպքում ոտնատակ են տալիս մեր պատիվն ու արժապատվությունը, մենք մեր թանկն ենք տվել, Գայանեն իր մինուճար որդուն է կորցրել, Եռաբլուրից բացի, այլ տեղ չգիտի։ Եռաբլուր տանելն առևանգո՞ւմ է, չէ՞ որ Գայանեի որդին էլ է Եռաբլուրում»,- նշեց Մարգարիտա Խաչատրյանը։
Նա հիշեցրեց նաև անցյալ տարի սեպտեմբերին Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպը, որ կարմիր բերետավորները զոհվածների ծնողների նկատմամբ բիրտ ուժ կիրառելով, գետնին գցելով՝ բերման էին ենթարկում, ապա ընդգծեց՝ իշխանավորները չեն հարգում այդ ծնողների սուգը։
«Ասում են՝ ինչո՞ւ ես լացում, բաղի բլբուլ, որ չես տեսել ջիգրի մրմուռ։ Գայանեին բան ասողները չգիտեն նրա վիշտը, կորուստը։ Ես ոչ մեկին չեմ կամենում՝ դառնա սևազգեստ մայր, բայց հիմա ասում եմ՝ սևազգեստ մոր վիշտը չհարգողը թող ունենա նույն վշտից։ Եթե պատերազմի դաշտից Ժորային բերելուց Գայանեն չի մահացել, մեկուսարանում էլ չի մահանա, կրկին պատվով դուրս կգա, թող Աշոտը մտածի, որ դռնեդուռ ընկած՝ ինչպես է նայելու ժողովրդի աչքերին։ Գայանեն ինչպե՞ս պետք է առևանգեր 23 տարեկան երիտասարդին»,- ընդգծեց նա։
Մարգարիտա Խաչատրյանի կարծիքով՝ իշխանությունը տեսնելով որդեկորույս մայրերի ակտիվությունը՝ որոշել է նրանց կոտրել, բայց չի ստացվելու։
«Գայանեն Աննա Հակոբյանի համար ընդունելի չէ, որովհետև նրան չի շողոքորթում, նրան իր տանը չի ընդունում, գումար չի վերցնում։ Մահն անպատիվ ապրելուց վեհ է մեզ նմանների համար»,- եզրափակեց Մարգարիտա Խաչատրյանը։