Եթե Ռուսաստանը մեր տարածաշրջանում պարտվի, կկորցնի ընդամենը դիրքեր, Հայաստանը՝ պետականություն. Բենիամին Մաթևոսյան
Ես գիտեմ, որ ԱՄՆ-ը և իր դաշնակիցներն ասում են՝ եկեք մեզ մոտ, ռուսներին քշեք ձեր տարածքից, սահմանապահներին էլ, հեռացրեք ռազմաբազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը:
Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Արևմուտքի նման պահվածքը բացահայտ սադրանք է և դիվանագիտություն չէ: Կա ոչ թե արևմտյան դիվանագիտություն, այլ ուղիղ կաշառում:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն անդրադառնալով Լավրովի դիտարկումներին՝ ընդգծեց՝ նման ձևակերպումները հետևանք են Հայաստանի իշխանության վարած, Փաշինյանի որդեգրած արտաքին քաղաքականության, որովհետև Ռուսաստանը երաշխավորում էր Արցախի և Հայաստանի անվտանգությունը, բայց չի երաշխավորում անձամբ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, փոխարենը՝ դա անում է Արևմուտքը՝ չերաշխավորելով Արցախի և Հայաստանի անվտանգությունը։
«Լավրովն այսօր Հայաստանի իշխանության մասին խոսեց և օրինակ բերեց Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, որի անվտանգությունն Արևմուտքը երաշխավորեց, բայց վերջինիս, հրաժարականից հետո, նստացրեցին բանտում։ Մուբարաքին, Սահակաշվիլիին, Քադաֆիին, Սադամ Հուսեյնին հիշելու տրամաբանությունը սա է՝ ծառայություններ մատուցելուց հետո քեզ հայտնում են շնորհակալություն, ապա պատժում։ Ռուսական կողմը բաց տեքստով սրա մասին խոսեց»,- ասաց Մաթևոսյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանի անձնական անվտանգության համար դրված է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարցը, ինչը հանգեցնելու է պետականության ոչնչացման։
«Եթե Ռուսաստանը մեր տարածաշրջանում պարտվի, կկորցնի ընդամենը դիրքեր, Հայաստանը՝ պետականություն»,- ասաց Մաթևոսյանը։
Ինչ վերաբերում է Լավրովի այն դիտարկմանը, որ, եթե Երևանը հաստատեր ՀԱՊԿ առաքելության տեղակայումը, Հայաստանը կշահեր և կստանար ավելի կայուն իրավիճակ, Մաթևոսյանը նշեց, որ քիչ է հավանականությունը, որ հնարավոր է ՀՀ-ում ՀԱՊԿ դիտոդներ տեղակայել, քանզի ՀՀ իշխանությունը փակել է այդ հնարավորության էջը։
«Ռուսաստանը կոնֆլիկտային գոտիներում ունի տարբեր տիպի ներգրավվածություններ. մի տեղ միջնորդ է, մի տեղ խաղաղապահներ է տեղակայում։ Մասնավորապես, Արցախի հարցով Ռուսաստանը միջնորդի դեր ունի և չէր կարող դառնալ կողմ, ինչը պահանջում էր նրանից ՀՀ իշխանությունը՝ պահանջելով ճանաչել Հայաստանի սահմանները և պահանջելով Ադրբեջանին ճանաչել ագրեսոր, ինչի դեպքում Ռուսաստանը կմեղադրվեր անկողմնակալ միջնորդ չլինելու համար։ Ռուսաստանից պահանջում են սահմաններ ճանաչել այն դեպքում, երբ այդ սահմանը չի ճանաչել ինքը՝ Փաշինյանը։ Կրկնում եմ՝ Փաշինյանը ճանաչե՞լ է Հայաստանի սահմանը, չէ՞ որ, երբ ասում է, որ սահմանը պետք է դելիմիտացվի և դեմարկացվի, դա նշանակում է, որ Փաշինյանը ևս չի իմանում, չի ճանաչում, թե որն է մեր սահմանը, հետևապես՝ ՀԱՊԿ-ից դա պահանջելը և՛ միտում է, և՛ կառույցը վարկաբեկելու գործընթաց»,- ասաց քաղաքագետը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։