ԵՄ-ն ափսոսանք է հայտնել ՌԴ-ի ու Վրաստանի միջև ավիահաղորդակցության վերսկսման կապակցությամբ
Եվրամիությունն ափսոսանք է հայտնում, որ Վրաստանը չի միացել ռուսական ավիացիոն հատվածի դեմ եվրոպական պատժամիջոցներին և վերականգնում է ՌԴ-ի հետ ավիահաղորդակցությունը:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկալակոչելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոյին։
«Վրացական իշխանության որոշումը մտահոգություն է առաջացնում Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին` ԵՄ-ի վարած արտաքին քաղաքականության ոլորտում որոշումների պահպանման առումով», – ճեպազրույցին ասել է նա։
Վրաստանը հետևել է արտաքին քաղաքականության ու անվտանգության վերաբերյալ ԵՄ որոշումների մոտ 40 տոկոսին, ինչը, Ստանոյի գնահատմամբ, առանց այդ էլ քիչ է։ Այս տարի այդ ցուցանիշը 31 տոկոս է կազմել։
«Մենք ցավում ենք դրա համար», – ավելացրել է նա:
Բորելի պաշտոնական ներկայացուցչի խոսքով` այս շաբաթ ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցը՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը, կապ է հաստատել վրացական իշխանության հետ՝ քննարկելու ռուսական ավիացիոն հատվածի և ռուսական ինքնաթիռների անվտանգության թեման: