ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի անդամները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 15-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի անդամների հետ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության միջավայրին առնչվող հարցեր: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգության իրավիճակը և ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամը, որը պարունակում է էթնիկ զտման ռիսկեր: Արմեն Գրիգորյանը կոչ է արել միջազգային հանրությանն արձագանքել՝ վերոնշյալը թույլ չտալու նպատակով:
ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է վերջին շրջանում Վաշինգտոնում և Բրյուսելում ընթացած հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները:
Նա կարևորել է հայկական կողմի հանձնառությունը՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Անդրադարձ է կատարել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման հարցերին, մասնավորապես՝ Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրին: