Բաժիններ՝

G7-ի առաջնորդները մտադիր են սահմանափակել արտահանումը Ռուսաստան

G7-ի երկրների ղեկավարները պլանավորում են այս շաբաթ Ճապոնիայում կայանալիք գագաթնաժողովում խստացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները: Նոր միջոցներով նաև կսահմանափակվի այն ապրանքների արտահանումը Ռուսաստան, որոնք կարող են օգտակար լինել ՌԴ զինված ուժերի համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ պաշտոնյաներին:

Ըստ աղբյուրների՝ միջոցառումները, որոնց մասին պլանավորվում է հայտարարել առաջիկա գագաթնաժողովի ժամանակ, նպատակամիտված են կրճատել առևտուրը, որի արդյունքում Ռուսաստանի զինված ուժերն աջակցություն են ստանում։ Գործակալությունը չի նշում, թե կոնկրետ ինչ ապրանքների մասին է խոսքը։ Բացի այդ, G7-ի միջոցառումներն ուղղված կլինեն երրորդ երկրների մասնակցությամբ պատժամիջոցներից խուսափումը կանխելուն, ինչպես նաև Ռուսաստանում էներգիայի ապագա արտադրությունը խաթարելուն:

Բացի այդ, ԱՄՆ-ի պաշտոնյաներն ակնկալում են, որ G7-ի անդամները կհամաձայնեն հարմարեցնել պատժամիջոցների նկատմամբ մոտեցումն այնպես, որ գոնե որոշակի կատեգորիայի ապրանքների դեպքում ողջ արտահանումն ավտոմատ կերպով արգելվի, եթե միայն այդ ապրանքները ներառված չեն արտահանման համար թույլատրված ապրանքների ցուցակում:

Նշվում է, որ ԱՄՆ-ի վարչակազմն ավելի վաղ G7-ի դաշնակիցներին դրդել էր հրաժարվել պատժամիջոցների նկատմամբ ներկայիս մոտեցումից, որը թույլ է տալիս ցանկացած ապրանք վաճառել Ռուսաստանին՝ պայմանով, եթե դրանք «բացահայտորեն չեն հայտնվել սև ցուցակում»։

Գործակալության գնահատմամբ՝ մոտեցման փոփոխությունը «կարող է դժվարացնել Մոսկվայի համար պատժամիջոցների ռեժիմում բացեր գտնելը»։

«Մեծ յոթնյակի» նախագահությունը 2023 թվականին անցել է Ճապոնիային։ G7-ի կազմում են ԱՄՆ-ն, Ճապոնիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան: Նշված երկրների առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա Հիրոսիմայում, մայիսի 19-21-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս