Պետք է փնտրել սպառազինության նոր մատակարարումներ, քանի որ օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչի համար վճարել ենք Ռուսաստանին. Արմեն Գրիգորյան
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել Новая Газета-ին, որում ի թիվս այլնի անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և Ռուսաստանի հետ հարաբերություններին:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին աշխարհում և, մասնավորապես, մեր տարածաշրջանում անվտանգության ճարտարապետությունը կտրուկ փոխվել է։
«Առաջ ամեն ինչ պարզ էր ու հասկանալի։ Պայմանականորեն ասած՝ մտածում էինք, որ հնարավոր էր զանգահարել հեռախոսով և ասել.«Խնդիր ունեմ»: Ի պատասխան՝ կասեն. «Լավ սիրելիս, կօգնենք»։ Մենք փորձեցինք և տեսնում ենք, որ այդ մեխանիզմը չի գործում։ Պայմանագրային պարտավորությունները չեն պահպանվում: Մեր ամբողջ անվտանգության հայեցակարգը կառուցվել է սրա վրա, իսկ նորը դեռ չկա։ Այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, փլուզվել են, նորերը չեն ստեղծվել։ Սա ճգնաժամ է», – ասել է ԱԽՔ-ը։
Լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչ անել, Արմեն Գրիգորյանը նշել է, որ անհրաժեշտ է փնտրել նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ:
«Փնտրել նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ, քանի որ օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել ենք և ինչի համար վճարել ենք Ռուսաստանին», – հավելել է պաշտոնյան։
«Ինչքան հասկանում եմ, խոսքը 2021 թվականի հարյուր միլիոնավոր դոլար արժողությամբ պայմանագրի մասին է, որը դեռ չի փակվել», – հետաքրքրվել է լրագրողը:
«Մի քանի նման պայմանագրերի մասին է, դա միակը չէ», -պատասխանել է Գրիգորյանը։