Բաժիններ՝

Պեկինը հրաժարվել է Չինաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարների հանդիպում անցկացնել

Չինաստանը քիչ հավանական է համարել երկրի պաշտպանության նախարար Լի Շանֆուի և նրա ամերիկացի պաշտոնակից Լլոյդ Օսթինի հանդիպումը հունիսի սկզբին Սինգապուրում կայանալիք «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ֆորումի շրջանակներում: Այս մասին գրում է Financial Times-ը: Հոդվածը վերնագրված է այսպես՝ «Չինաստանը սառը ջուր լցրեց ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հետ երկկողմ հանդիպման վրա»։

Չինաստանի կողմից հանդիպման առաջարկի մերժումը պայմանավորված է նրանով, որ Վաշինգտոնը 2018 թ.-ին Լի Շանֆուին ներառել է պատժամիջոցների ցուցակում: Այդ ժամանակ նա ղեկավարում էր ՉԺՀ-ի կենտրոնական ռազմական խորհրդի զորքերի պատրաստման և մատակարարման վարչությունը, և հենց նրա օրոք է Չինաստանը Ռուսաստանից գնել Սու-35 ինքնաթիռներ և C-400 զենիթահրթիռային համալիրների սարքավորումներ։

ԱՄՆ-ն Չինաստանին հայտնել է, որ պատժամիջոցները չեն խանգարում երրորդ երկրում կողմերի հանդիպմանը, սակայն ըստ աղբյուրների՝ քանի դեռ պատժամիջոցները գործում են, Պեկինը նման հանդիպման չի համաձայնի:

Պենտագոնը հայտարարել է, որ ցանկանում է «բաց կապուղիներ» ունենալ չինացի զինվորական առաջնորդների հետ՝ Չինաստանին մեղադրելով փակուղային իրավիճակ ստեղծելու մեջ:

«Սա եղել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության որոշումը` անտեսել, մերժել կամ չեղարկել բարձր մակարդակի շփման վերաբերյալ ԱՄՆ-ի բազմաթիվ խնդրանքները», – ասվում է հաղորդագրության մեջ:

Վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ակնհայտ շահագրգռվածություն է ցուցաբերում երկու երկրների միջև ռազմական շփումները վերսկսելու հարցում, որոնք ընդհատվել էին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն 2023 թ. փետրվարին իր տարածքում խոցեց չինական օդապարիկը։

Financial Times-ը հիշեցնում է, որ այդ միջադեպից հետո ԱՄՆ-ի Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին ևս չի կարողացել կապ հաստատել իր չինացի գործընկերների հետ։

Երկու երկրների միջև հարաբերությունների հետագա սառեցման պատճառներից մեկն է նաև Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի հանդիպումը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս