«Կիրակի Բրյուսել մեկնելու որոշումս չեմ փոխել. ցավոք, խաղաղության պայմանագիր ստորագրելու շանսը փոքր է». Նիկոլ Փաշինյան
Այսօր կառավարության հերթական նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այսօր Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա կրակելու մասին վաղ առավոտյան տարածված տեղեկությանը և ասաց, որ այս գործողություններով Ադրբեջանը ցանկանում է զրոյացնել այն առաջընթացը, որը գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում։
«Ասեմ, որ այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել։
Նաև ուզում եմ պատասխանել հետևյալ հարցին, կռահում եմ, որ առաջիկայում որոշ ուժեր կարող են փոթորկել արդեն իսկ հայտնի սցենարով, եթե մեկնեմ Բրյուսել։ Որքանով է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, քանի որ այս նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի, և դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել։ Մյուս կողմից՝ խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այս փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման։
Պիտի ընդգծեմ, որ Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 6-ին Պրահայում և նույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Հարցը, որը ծագում է այս համատեքստում՝ հետևյալն է, եթե Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է կրակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, մանավանդ, որ 2022 թվականի Սոչիի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերը պետք է զերծ մնան ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ այսօր Ադրբեջանը խախտում է այս բոլոր պայմանավորվածությունները, և ընդհանրապես դժվար է հիշել մի համատեղ ընդունված փաստաթուղթ, որն Ադրբեջանն այս ընթացքում չի խախտել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում