Բաժիններ՝

Հեղուկ գազը դարձավ 250 դրամ. ըստ օդում կախված լուրերի՝ մայիսի 20-ից հետո  իրավիճակը կկարգավորվի

Հեղուկ գազի գինը մեկ շաբաթում բարձրացել է՝ որոշ տեղերում հասնելով 250 դրամի:

«Նախորդ շաբաթ գնել եմ 200 դրամով, երեկ երեկոյան լցրել եմ 210 դրամով, մի քանի գազալցակայան անցա, տեսա՝ դարձել է 250 դրամ:  Տեղեկություն կա, որ հայկական բեռնատարները, որոնք ուղևորվում են Ռուսաստան՝ հեղուկ գազը Հայաստան տեղափոխելու համար, մնացել էին կուտակումների մեջ, ինչը կապված է եղել  Լարսի անցակետի վերանորոգման աշխատանքների հետ; Ըստ օդում կախված լուրերի՝ մայիսի 20-ից հետո կարգավորվելու է իրավիճակը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վարորդը Արմեն Իսրայելյանը:

Գրիգոր Ավետիսյանն էլ վերջին 15 օրերին սկսել է բենզինով մեքենան լիցքավորել:

«Հեղուկ գազի խնայողությունը բենզինի համեմատ 30% է, հիմա, եթե 250 է հեղուկ գազը, իսկ բենզինը՝ 320-350 դրամ, կարծում եմ՝ բենզինով ավելի ձեռնտու է մեքենա վարելը: Ասեմ, որ ավելացել են նաև թերլցումների դեպքերը»,- նշեց վարորդը:

Կարդացեք նաև

Նշենք, որ Հայաստանում մեկ շաբաթից ավելի է՝ հեղուկ գազի դեֆիցիտ է, որը իշխանությունները և տնտեսվարողները պայմանավորում են հեղուկ վառելիքի ներմուծման հետ կապված դժվարություններով։

2022թ. մայիսին հեղուկ գազի գինը եղել է 190-200 դրամ: Իսկ 2023թ. ապրիլի 15-ին եթե 120-130 դրամ էր, ապա վերջերս գինը բարձրացել է՝ դառնալով 180-220 դրամ:

Սեղմված գազի արժեքը նախորդ տարի տատանվել է 310-350 դրամի սահմաններում: Այս գինը գրեթե պահպանվել է:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էլ նախնական ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում, մասնավորապես դիտարկվել են վերջին շրջանում արձանագրված գնային փոփոխությունները:

Հանձնաժողովից տեղեկացրեցին, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ շուկան խիստ մրցակցային է. հեղուկ գազի ներմուծում են իրականացնում 86 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից առավել խոշոր տնտեսավարողի՝ շուկայում ունեցած մասնաբաժինը կազմում է շուրջ 10 տոկոս, հետևաբար՝ շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունները բնորոշ չեն մրցակցային շուկաներին:

Տեսանյութեր

Լրահոս