Բաժիններ՝

Նպաստ ստացող ընտանիքի 16-29 տարեկան գործազուրկ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում գործատուներին 3 ամիս կտրվի փոխհատուցում

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ գործազրկության մակարդակը հանրապետությունում 2022թ․ 4-րդ եռամսյակում կազմել է 12.7 %, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2․0 տոկոսային կետով։

Միաժամանակ, գործազրկության մակարդակի նախնական ցուցանիշը 2022թ․ կազմել է 13․0 %, որը 2021թ․ համեմատ նվազել է 2․5 տոկոսային կետով։

Գործազրկության մակարդակի նվազեցման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 2022 թ․ իրականացվել են միջոցառումներ, որոնք 2023 թ․ ևս նախատեսվում է իրականացնել։ Այս մասին 168.am-ին հայտնեցին նախարարությունից:

Նրանց փոխանցմամբ՝ օրինակ, 2022թ. իրականացվել է 2016-2020թթ. պատերազմների մասնակիցների զբաղվածության ապահովման ծրագիրը: Իրականացվել է նաև սեզոնային զբաղվածության ապահովման ծրագիր, ինչպես նաև արցախցիների զբաղվածության ծրագիր:

Կարդացեք նաև

«Առաջիկայում կրկին կմեկնարկի 2016 և 2020թթ. պատերազմների մասնակիցների զբաղվածության ապահովման ծրագիր: Գործում է նաև գործատուներին աջակցելու ծրագիրը, որի շրջանակներում խրախուսում ենք այն գործատուներին, ովքեր աշխատանքի են ընդունում անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների գործազուրկ անձանց կամ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների»,- մանրամասնեցին նախարարությունից:

Նշենք, որ այն գործատուները, ովքեր առնվազն մեկ տարով աշխատանքի կընդունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 12 ամիս շարունակ կստանան փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 100 %-ի չափով յուրաքանչյուր ամսվա համար, բայց ոչ ավելի, քան ամսական 50,000 դրամ։ Այս դեպքում գործատուին, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի նաև առավելագույնը 500,000 դրամ միանվագ աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող անձի համար աշխատավայրում խելամիտ հարմարեցումներ ապահովելու համար:

«Բայց փոխհատուցում տրվելու է ոչ թե քաղաքացուն, այլ նրան աշխատանքի ընդունած գործատուին: Հաշմանդամություն ունեցող անձանց թիվը հանրապետությունում շուրջ 193.000 է, իսկ ընտանեկան սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը 71.680 է: Եթե գործատուն որոշի նրանց աշխատանքի ընդունել, նոր կդառնան շահառու»,- նշեցին նախարարությունից՝ հավելելով, որ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 16-29 տարեկան գործազուրկ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում գործատուներին 3 ամիս շարունակ կտրվի փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 50 %-ի, բայց ոչ ավելի, քան ամսական 15,000 դրամի չափով:

Տեսանյութեր

Լրահոս