Բլինքենի կարծիքով բանակցությունների տեմպը ցույց է տալիս, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են համաձայնության հասնելուն
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերջին մի քանի օրում շատ բարդ հարցեր են քննարկել և շոշափելի առաջընթաց գրանցել: Այս մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների եզրափակիչ նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ընդունում են, որ տևական, կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսության միջոցով է… Վերջին մի քանի օրերի ընթացքում կողմերը շատ ծանր հարցեր են քննարկել և շոշափելի առաջընթաց են գրանցել տևական խաղաղության պայմանագրի հարցում։ Հուսով եմ և կարծում եմ, որ նրանք էլ ինձ նման հասկանում են, որ առկա է տեսանելի և հասանելի համաձայնություն: Դրան հասնելն, ըստ իս, կլինի ոչ միայն պատմական քայլ, այլ նաև մեծապես կբխի Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների շահերից և շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ այդ երկու երկրների սահմաններից դուրս։ Կարծում եմ՝ բանակցությունների տեմպը և հիմքը, որը դրել են այստեղ գտնվող մեր գործընկերները, ցույց է տալիս, որ մենք մոտ ենք համաձայնության հասնելուն», – Բլինքենի խոսքերն է վկայակոչել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
ԱՄՆ պետքարտուղարը դարձյալ շեշտել է, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել այս հարցում իր աջակցությունը տրամադրել կողմերին:
«Յուրաքանչյուր մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, մենք բոլորս դա գիտենք: Սակայն ԱՄՆ-ն այստեղ է, որ շարունակի օգնել մեր երկու բարեկամներին` հատելու եզրագիծը: Նորից եմ ասում, ըստ իս, մենք շատ մոտ ենք դրան… Այս ամենը հեշտ չէ, բայց առաջ գնալու, մնացած հարցերը քննարկելու հանձնառությունը, վճռականությունը իրական են: Եվ այս օրերի քննարկումներից եզրակացնում ենք, որ շատ շոշափելի առաջընթաց ենք գրանցել, և մենք պատրաստ ենք օգնել մեր բարեկամներին հասնել դրան», – հավելել է Բլինքենը։
Արլինգթոնում մայիսի 4-ին կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը՝ եզրափակելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումների փուլը: