Բաժիններ՝

Հարգանքի տուրք՝ հերոսներին. «Անմահ գունդ»-ը կոչ է անում միանալ վետերանների մասնակցությամբ հաղթանակի երթին

«Անմահ գունդ»-ը հորդորում է մարդկանց միանալ Հաղթանակի օրվա առթիվ կազմակերպված երթին, որը կմեկնարկի մայիսի 9-ին ժամը 12:00-ին Երևանի Արաբկիր համայնքի Սուրբ խաչ եկեղեցուց: Երթի մասնակիցները քայլելով կհասնեն մինչև Հաղթանակի զբոսայգու անմար կրակը:

Առջևում լինելու է «Պոբեդա» մեքենան, որում նստած են լինելու վետերանները, նրանց հետևելու են «Վիլիս» մեքենաները, որոնցում Հայրենական պատերազմի զինվորական համազգեստով արտիստներն են լինելու: Տոնական միջոցառմանը մասնակից երեխաներին պաղպաղակ են հյուրասիրելու և ատրակցիոններից անվճար օգտվելու հնարավորություն են տալու: Խորհուրդը հետևյալն է՝ վետերանները հյուրասիրում են իրենց թոռնիկներին:

«Անմահ գունդ արտերկրում» ՀԿ հիմնադիր, գործադիր տնօրեն Էդմոն Հովհաննիսյանն ընդգծեց՝ իրենց նպատակն է մշտապես վառ պահել հայորդիների հաղթանակները, նրանց սխրագործությունները: «Այդ հայորդիները մեր պապերն ու ծնողներն են: Նրանք այսօր էլ շարունակում են մեզ սովորեցել, թե ինչ է հայրենասիրությունը, ծնողասիրությունը, սովորեցնում են, թե ինչպես է պետք պաշտպանել հայրենիքը, երբ ապրում ես որպես մեկ ազգ, մեկ ընտանիք: Կազմակերպելով մայիսի 9-ի հաղթական քայլերթը՝ կապում ենք անցյալն ու ներկան ու քաղաքական նպատակներ չենք հետապնդում: Մեր միակ նպատակն է հանրահռչակել ավելի քան 600 հազար հայորդիների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում, նրանց հերոսությունները»,-ասաց Հովհաննիսյանն ու հիշեցրեց, որ 600 հազար հայից պատերազմից չեն վերադարձել ավելի քան 250 հազարը:

Հայերը պատերազմում ունեցել են հինգ մարշալ, 80-ից ավելի գեներալներ և հարյուրից ավելի հերոսներ, մեկ ադմիրալ:

Էդմոն Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր Հայաստանում 67 վետերան է ապրում, սակայն նրանցից ութն է ակտիվ մասնակցում միջոցառումներին: Ամենամեծ վետերանը 103 տարեկան է, իսկ օրեր առաջ տոնել են նրանցից մեկի 100-ամյակը:

Ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանն էլ շեշտեց՝ երթին մասնակցելու համար ստացել են կոլեկտիվ դիմումներ: Նաև ընտանիքներ են իրենց զանգահարել: Մինչ այդ պահը մասնակցելու համար դիմել է 5000-ից ավելի մարդ:

«Այո՛, 600 հազար հայ է մասնակցել պատերազմին այն պարագայում, որ մարդահամարի տվյալներով այդ տարիներին Հայաստանում բնակվել է ընդամենը 1,5 մլն հայ: Մասնակիցները կռվել ու պատերազմի են մեկնել այսպես կոչված մեծ հայրենիքի ու Հայաստանի համար: Նրանց կատարած աշխատանքն ու սխրագործությունն այսօր մոռացության մատնել չի կարելի: Մենք նրանց ոչ միայն մայիսի 9-ին, այլև միշտ պետք է հիշենք, քանի որ նրանք օրինակ են ծառայում սերունդներին, թե ինչպիսին պետք է լինի հայրենիքի նվիրյալը»,-հավաստիացրեց նա:

Ռուբեն Հովհաննիսյանի հայրը 1941 թվականին կամավոր սկզբունքով մասնակցել է պատերազմին: Նրա խոսքով՝ հայրը երբեք չի խոսել պատերազմից, միայն ասել է, որ 1946-ին ավարտել է ծառայությունը Ռումինիայում:

«Թեկուզ Սովետական, սակայն Հայաստանի համար են հայերը պատերազմել: Թե՛ այստեղ, թե՛ եվրոպական ճակատներում հայերը պայքարել են Հայաստանի ու հայի ապագայի համար: Ես նաև գաղթականների ժառանգ եմ: Ե՛վ հորական, և՛ մորական կողմս երեք, չորս գաղթ է տեսել, և մեր ընտանիքում միշտ ասվել է, որ այլևս չեն գաղթելու, թեկուզ Սովետական, սակայն Հայաստանում են ապրելու: Այսօր մենք անկախ Հայաստանում ենք ապրում, և մայիսի 9-ին կազմակերպելով այդ քայլերթը, մենք հարգանքի տուրքն ենք մատուցելու բոլոր այն մարդկանց, որոնք իրենց կյանքն են զոհել հանուն մեծ ընտանիքի, հանուն Հայաստանի»,-նշեց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով դիվիզիաներին՝ նա ասաց, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է հայկական վեց դիվիզիա և միայն «Թամանյան» դիվիզիան է հասել մինչև Բեռլին: «Կան պատմական կադրեր, թե ինչպես են «Թամանյան» դիվիզիայի հայ մարտիկները Ռեյխսթագի մատույցներում «Քոչարի» պարում: Շատերը կարծում են, թե դիվիզիան մարդու անունով է «Թամանյան» կոչվել, սակայն այն այդ անվանումն ստացել է 1943 թվականին, երբ ծանր մարտեր են մղվել Թաման թերակղզու և Ղրիմի համար: Թաման թերակղզին ու Ղրիմն ազատագրել է հենց 89-րդ մոտոհրաձգային դիվիզիան, որը հետագայում ստացել է «Թամանյան» անունը»,-պատմեց Ռուբեն Հովհաննիսյանն ու ևս մեկ անգամ կոչ արեց մարդկանց մայիսի 9-ին միանալ հաղթական երթին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս