ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Քենիա՝ Սուդանի իրադրության շուրջ խորհրդակցությունների
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Քենիայի մայրաքաղաք Նայրոբի, որպեսզի մի շարք խորհրդակցություններ անցկացնի Սուդանի և տարածաշրջանի իրադրության շուրջ: Նման տեղեկություն է հայտնել Քենիայի արտաքին գործերի և սփյուռքի հարցերով կաբինետի քարտուղար (նախարար) Ալֆրեդ Մութուան։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
«Երկօրյա այցով Քենիա է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նրա օրակարգում են Սուդանի անվտանգության և հումանիտար իրադրության հարցերը», – հայտնել է Մութուան Twitter-ում։
Արտգործնախարարը տեղեկացրել է, որ Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն բանակցություններ կվարի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։
Ապրիլի 21-ին Ռուտոն հայտարարել էր, որ Քենիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնելու Սուդանի հակամարտությունում։ Նա ընդգծել էր, որ իր երկիրն ունի խաղաղության հաստատման և քաղաքական հակամարտությունների կարգավորման արդյունավետ աջակցման մեծ փորձ, այդ թվում՝ տարածաշրջանային մակարդակով։
Զարգացման միջկառավարական կազմակերպության (IGAD) գագաթնաժողովն ապրիլի 16-ին որոշել է հնարավորինս շուտ Սուդան ուղարկել Ջիբութիի, Քենիայի և Հարավային Սուդանի նախագահներին՝ հակամարտող կողմերի հաշտեցման համար։ Առայժմ նրանք չեն կարողացել սկսել իրենց առաքելությունը: IGAD-ն աֆրիկյան ութ երկրների տարածաշրջանային կազմակերպություն է: Այն միավորում է Ջիբութին, Քենիան, Սոմալին, Սուդանը, Ուգանդան, Էրիթրեան, Եթովպիան և Հարավային Սուդանը։ Իր հերթին, Աֆրիկյան միությունը միջազգային հանրությանը կոչ է արել համակարգել ՄԱԿ-ի և IGAD-ի միջոցով Սուդանում հաշտության հաստատման ջանքերը:
Սուդանում իրադրությունը սրվել է բանակի հրամանատար, Ինքնիշխան խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի և «Արագ արձագանքման ուժերի» ղեկավար, Ինքնիշխան խորհրդում ալ-Բուրհանի տեղակալ Մուհամեդ Համդան Դագալոյի (Հեմեթի) միջև տարաձայնությունների պատճառով:
Երկրի երկու ռազմական կառույցների միջև հիմնական հակասությունները կապված են միացյալ զինված ուժերի ձևավորման ժամկետների և մեթոդների հետ: Ապրիլի 15-ից նշված երկու կառույցների միջև բախումներ են ընթանում մայրաքաղաք Խարթումում և դրա մերձակա քաղաքներում: Կողմերի միջև մեկ շաբաթով հրադադար է հաստատվել: Սուդանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտերի սկսվելուց ի վեր երկրում զոհվել է ավելի քան 600 մարդ: