ՀՀ 2022թ․ մարդահամարի նախնական արդյունքների հրապարակման առնչությամբ

Պատմական ժողովրդագրության մասնագետ, ԵՊՀ դոցենտ Միքայել Մալխասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.  «Ապրիլի 28-ին ՀՀ վիճակագրական կոմիտեն մամուլի երկէջանի հաղորդագրություն հրապարակեց ՀՀ 2022 թ. մարդահամարի նախնական արդյունքների մասին։ Ըստ այդմ՝ 2022 թ. հոկտեմբերի 13-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2․928․914 մարդ է, իսկ առկա բնակչության թվաքանակը՝ 2․638․917։ Այսպիսով՝ տարբերությունը կազմում է 289․997 մարդ, և սա մշտական և առկա բնակչության թվաքանակների միջև ամենամեծ տարբերությունն է ՀՀ մարդահամարների պատմության մեջ։ Այսպես՝ 2011 թ․ տարբերությունը կազմում էր 147․083, իսկ 2001 թ․՝ 210․413 մարդ։

2011 թ․ 2001 թ․ համեմատ տարբերության կրճատումը մասնագիտական գրականության տեսանկյունից կարող էր դրական դիտվել, քանի որ միգրացիոն գործընթացները կայունանալու միտում էին ցուցաբերում, իսկ այժմ պատկերը փոխվել է։ Այստեղ կարևոր է նշել, որ առկա բնակչությունը թեև պատկերում է հաշվառման պահին փաստացի բնակվող բնակչությանը, սակայն այն լիարժեք չի կարող բնութագրել ՀՀ բնակչության իրական շարժը 10-ամյա կտրվածքով, քանի որ նրանում ներառված են ժամանակավոր՝ մինչև 1 տարի, բնակվողները։ Եթե հաշվի առնենք, որ մարդահամարի իրականացման ժամանակահատվածում ՀՀ-ն, Ուկրաինական ճգնաժամի պատճառով, դեռևս փետրվարից նկատվող ակտիվ միգրացիոն հոսքերի շրջանում էր, ապա պատկերն էլ ավելի ոչ ստատիկ է դառնում։ Բավական է նշել, որ 2022 թ․ հունվար-հոկտեմբերին ՀՀ սահմանային անցակետերով կատարված մուտքերի և ելքերի ընդհանուր հաշվեկշիռը +25․225 էր, մինչդեռ ՀՀ քաղաքացիներինը՝ -37․435, իսկ ՌԴ քաղաքացիներինը՝ +57․646, Վրաստանի՝ +6562, Բելառուսի՝ +394, Հնդկաստանի՝ +225 և այլն։ Սա էլ ժամանակավոր բնակվողների հաշվեկշռի մեջ է, եթե, իհարկե, տվյալներին հավելենք 2021 թ․ հոկտեմբերի վերջից սկսած ցուցանիշները, որպեսզի ստանանք մինչև 1 տարի ժամկետը։ Այսպես՝ 2021 թ․ հոկտեմբեր-դեկտեմբերի հաշվեկշիռը, համաձայն հունվար-դեկտեմբերի (ՀՀ փաստաթղթերով՝ -73․571, ընդհանուր՝ -43․874) և հունվար-սեպտեմբերի (ՀՀ փաստաթղթերով՝ -103․571, ընդհանուր՝ -67․504)՝ ամսական հրապարակումներից ստացված տարբերությամբ, ՀՀ փաստաթղթերով +30․000 է, իսկ ընդհանուր՝ +23․630։ Ստացվում է, որ ՀՀ-ում փաստացի բնակվող ՀՀ քաղաքացիները, ի տարբերություն ՀՀ առկա բնակչության ընդհանուր թվաքանակի, առնվազն շուրջ 7․500-ով ավելի քիչ են, քան հրապարակված 2․638․917-ը, որտեղ արտացոլված է այլ պետությունների քաղաքացիների հաշվին ՀՀ մուտքերի և ելքերի՝ ընդհանուր մոտ +48․900 դրական հաշվեկշիռ մարդահամարին նախորդող 12 ամիսների ընթացքում։ Մի քանի օր հաշվարկում բնականաբար դուրս են մնում, հետևաբար սա լիարժեք ճշգրիտ տվյալ չէ, սակայն ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիությամբ առկա բնակչությունը ՀՀ-ում 2,6 մլն մարդուց մի փոքր քիչ է, ինչը շուրջ 250 հազարով քիչ է նախորդ մարդահամարի համապատասխան ցուցանիշից։

Այստեղ չափազանց կարևոր են մեթոդաբանությանը վերաբերող հավելյալ պարզաբանումները։ Օրերս հրապարակված հաղորդագրության առաջին էջը հենց այդ մասին է, ըստ այդմ՝ առաջին անգամ մարդահամարն անցկացվել է ոչ թե ավանդական համընդհանուր սկզբունքով, այլ ընտրանքային՝ համակցված սկզբունքով, որտեղ հաշվարարների կողմից հավաքագրված տնային տնտեսությունների 25%-ն ընդգրկող ցուցանիշները համակցվել են սահմանային անցակետերի էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի և պետռեգիստրի տվյալներին։ Որքան էլ մեթոդական նման որոշումը հիմնավորվում է ՄԱԿ-ի ցուցումներով, սակայն ՄԱԿ-ը երբևէ չի հանձնարարել իրականացնել պարտադիր 25% ընտրանք։ Որոշման միակ ռացիոնալ բացատրությունը կարող էր լինել կորոնավիրուսային համավարակից հետո փոքր ֆինանսական ռեսուրսներով կարճ ժամանակում ամփոփ տվյալների ստացումը, սակայն այնպես է ներկայացվում, թե կատարվածը իբրև նորարարություն է։ Քանի որ նախորդ երկու մարդահամարներն անցկացվել են ավանդական՝ համընդհանուր սկզբունքով, հետևաբար տվյալները մեթոդական տեսանկյունից դժվար է և այնքան էլ ճիշտ չէ համեմատել նախորդների հետ։ Այդ իսկ պատճառով ձեռնպահ կմնամ սույն հրապարակումից անդին գնացող համեմատական եզրահանգումներով գրառումներից, իսկ լրացուցիչ մեթոդական խրթին պարզաբանումներով հրապարակումները կթողնեմ միայն գիտական հոդվածների համար։

Հիշեցնեմ, որ ՀՀ պատմության մեջ երրորդ մարդահամարը նախատեսված էր անցկացնել ավելի վաղ՝ 2020 թ․ հոկտեմբերի 18-27-ը (ՀՀ կառավարության 2018 թ․ հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշմամբ), սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով հետաձգվեց նախ 2021 թ․ հոկտեմբերի 14-23-ին (ՀՀ կառավարության 2020 թ․ ապրիլի 23-ի N 624-Ն որոշմամբ), այնուհետև՝ 2022 թ․ հոկտեմբերի 13-22-ը (ՀՀ կառավարության 2021 թ․ մայիսի 13-ի N 751-Ն որոշմամբ)»։

Տեսանյութեր

Լրահոս